Մոսկվայում այսօր` դեկտեմբերի 9-ին, կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի մասնակցությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էր նաեւ աշխատանքային խմբի համանախագահ` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը նախ դրական են գնահատել աշխատանքային խմբի ձեւավորումը` նկատելով, որ վերջինիս մշտական գործունեությունը նոր մակարդակի վրա կդնի մինչ այժմ երկու երկրների տարածաշրջանների միջեւ եղած փոխգործակցությունը` նպաստելով դրանք առավել կանոնակարգված եւ փոխշահավետ դարձնելուն:
Երկուստեք հաջողված է համարվել ապրիլին Երեւանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը, ինչը նոր խթան հանդիսացավ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների զարգացման համար: Նշվել է, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում առկա է փոխգործակցությունը զարգացնելու հետաքրքրվածություն, այդ իսկ պատճառով կարեւորվել է գալիք տարվա ընթացքում երկրորդ նմանատիպ համաժողովի անցկացումը, որի ժամանակ շեշտը կդրվի առավել գործնական կապերի զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման վրա:
Քննարկումների արդյունքում ձեւավորվել է այն հարցերի շրջանակը, որոնք 2012թ. լինելու են աշխատանքային խմբի օրակարգում: Խումբը գործունեություն կծավալի միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի նախապատրաստման, իրավապայմանագրային բազայի զարգացման եւ դյուրացման, բազմաբնակարան շենքերի կառավարման եւ կոմունալ տնտեսության ոլորտում փորձի փոխանակման ու համագործակցության, տարածքային համաչափ զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման հարցում փորձի փոխանակման, հումանիտար եւ զբոսաշրջային ոլորտներում գործակցության ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի մարզպետարանների եւ ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու վերաբերյալ` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով:
Նշենք, որ աշխատանքային խումբն ստեղծվել է երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցությունը զարգացնելու նպատակով: Խմբի ստեղծման որոշումը կայացվել էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստում:



























