Վայոց Ձորի մարզի 3 համայնքներում դեկտեմբերի 8-ին վերաբացվել են երեք փոստային բաժանմունքեր։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից, Եղեգնաձոր քաղաքի փոստային մասնաճյուղի եւ 01 փոստային բաժանմունքի, Մալիշկա գյուղի եւ Վայք քաղաքի 01 փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողություններին ներկա են եղել Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ մարզի բնակիչներ:
Բացումների պաշտոնական արարողություններից հետո «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը՝ պատասխանելով ներկա լրագրողների հարցերին, անդրադարձել է Վանաձորի փոստային բաժանմունքում տեղի ունեցած յուրացումների դեպքին, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը հարուցել է քրեական գործ:
«Վանաձորի դեպքը, ինչպես նմանատիպ մյուս դեպքերը, բացահայտել եւ դրանց մասին իրավապահ մարմիններին է ահազանգել «Հայփոստ»-ը: Այսօր «Հայփոստ թրասթ մենեջմնեթի» եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից շատ խիստ վերահսկողություն է իրականացվում, եւ այդ վերահսկողության շնորհիվ է նաեւ որ կենսաթոշակների բաշխման գործընթացում հնարավոր եղավ շտկել թերությունները եւ պետբյուջե վերադարձնել շուրջ 21 մլրդ դրամ»,- ասել է է Ավագյանը։
Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 104-ի` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:




























