Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է: 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950թ.-ից աշխարհում դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը: Վերոհիշյալ հռչակագրի հիմքում ընկած` մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պատկերացումները ձեւավորվել են դեռեւս հունական անտիկ շրջանի փիլիսոփաների օրոք, եւ սկզբունքները, փոխանցվելով դարեդար, հիմնականում մնացել են անփոփոխ: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ամրագրվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում քաղաքական ուժեր, մի շարք միջազգային եւ հայաստանյան հասարակական կազմակերպություններ եւ այլն:

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երեւանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Մասնավորապես, Երեւանի Ազատության հրապարակում ժամը 14-ին մեկնարկելու է Հայ ազգային կոնգրեսի երթը: Իսկ Ռուսաստանի դեսպանատան մոտ ժամը 12-ին բողոքի ակցիա են իրականացնելու ի պաշտպանություն Ռուսաստանում հետընտրական գործընթացներում բռնությունների ենթարկված անձանց: