Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ուսումնասիրելու է Հայաստանի ատոմակայանի շրջակայքում բոլորովին նոր 6 սեյսմիկ կայանների տեղադրման առաջարկը։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նախօրեին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչ Անդրեյ Չուպովի հանդիպմանը:

Անդրեյ Չուպովը հայտարարել է, թե ԱԷՄԳ-ն պատրաստակամ է համագործակցել Հայաստանի սեյսմիկ անվտանգության ու նախևառաջ` ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման բնագավառում։

Չուպովը, որպես ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության վարչության ծրագրերի կառավարման համակարգող, պատասխանատու է Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Մոլդովայում ԱԷՄԳ կողմից կազմակերպվող և իրականացվող բոլոր ծրագրերի համար։