Հայ ազգային կոնգրեսը հետեւողական է լինելու մարդու իրավունքների պահանջները իշխանություններին պարտադրելու հարցում: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 10-ին հայտարարեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` մարդու իրավունքների օրվան նվիրված երթից առաջ, որը ՀԱԿ-ի կողմից կազմակերպվել էր Ազատության հրապարակում:

«Քաղաքացին ունի այնքան իրավունք, որքան կարողանում է ձեռք բերել պայքարի միջոցով։ Եթե իշխանությունները չեն կարողանում ապահովել օրենքներով եւ Մարդու իրավունքների եւրոպական հռչակագրով ամրագրված՝ իր քաղաքացիների իրավունքը, ապա քաղաքացիները պետք է պահանջեն, որ այդպիսի իշխանությունները հեռանան»,- նշեց Փաշինյանը եւ հավելեց. «Ոչ մի չինովնիկ չի տա մեզ մեր իրավունքները. մենք պիտի գնանք եւ նվաճենք»:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր հերթին նշել է, թե յուրաքանչյուր ժողովուրդ պետք է իրավունք ունենա իր երկրի տերը լինել: «Այդ ակցիայով մենք միանում ենք այսօր աշխարհի բոլոր երկրներում տեղի ունեցող ակցիաներին»,- նշել է Մանուկյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, ի տարբերություն 2008թ. դեկտեմբերի, երբ ոստիկանները ցրում էին Մարդու իրավունքների օրվան նվիրված երթերը, այսօր ժողովուրդը նվաճել է այդ իրավունքը: «Մնացել է նվաճել մեկ իրավունք` ժողովրդավարության հաստատման իրավունքը»,- ասել է նա: