Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը 8 տարի մայրաքաղաքի գլխավոր ոստիկանի պաշտոնը զբաղեցնելուց հետո վստահեցնում է, որ որեւէ մեկը իր մոտ «աստղային որեւ բան» չի նկատել: Նազարյանը այս մասին հայտնել NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ պատասխանելով նրան ուղղված մի քանի հարցերի:

Պարոն Նազարյան դեկտեմբերի 10-ին նշվեց Մարդու իրավունքների միջազգային օրը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացեր տեսնո՞ւմ եք, մասնավորապես հենց ոստիկանական համակարգում:

Իհարկե, բոլոր ճյուղերում, ոլորտներում բացեր կան, բայց մեզ մոտ մարդու իրավունքների պաշտպանությունը բարձր հիմքերի վրա է դրված, չնայած որոշ թերություններին: Այս բնագավառում դեռ կան շտկելու աշխատանքներ: Մանավանդ, երբ այս հարցով շատ հաճախ քննադատվում է ոստիկանությունը, որի հետ ես համաձայն չեմ: Բայց ամեն դեպքում քննադատությունը ընդունելի է եւ նմանատիպ միջոցառումները  մեզ կարող են ավելի համախմբել եւ մտածելու տեղիք տալ, թե ինչպես անել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը էլ ավելի բարձր մակարդակում գտնվի: Ավելին` կարողանանք այնպես անել, որ Եվրոպական կառույցների կողմից անընդհատ քննադատության չենթարկվենք: Ինձ թվում է, որ մենք այս առումով եզրահանգումներ անելու ենք եւ տարեցտարի ավելի լավ է լինելու:

Նշեցիք, որ կան քննադատություններ, որոնց հետ համաձայն չեք: Կմասնավորեցնե՞ք, թե կոնկրետ, որ քննադատությունն է, որի հետ համաձայն չեք:

Շատ է քննադատվում ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ժամանակ: Հատկապես, երբ այդ միջոցառումների ժամանակ տեղի են ունենում անկարգություններ, քաղաքացիներ են բերման ենթարկում, որոշ ուժեր փորձում են այդ ամենը շահարկել: Բայց բոլորն էլ պետք է հասկանան, որ հասարակական կարգի պահպանությունը դա ոստիկանության սուրբ գործն է, որը մենք պետք է կատարենք: Անկախ նրանից, թե ինչ քննադատություն կլինի: Չնայած հիմա չկան, բայց  ընթացքում նաեւ եղել են չարաշահումներ ոստիկանության  աշխատակցի կողմից: Օրինակ, բռնի ուժ են կիրառել կամ ինչ-որ այլ բան, բայց դա էլ պետք է հասկանալ, որովհետեւ նույն ոստիկանն էլ մարդ է եւ, երբ նման երկարատեւ վիրավորանքներ են տրվում նրա հասցեին: Նա էլ է մարդ է եւ ինչ-որ մի տեղ կարող է կոպիտ լինել: Սակայն մենք այդ հանգամանքը հիմա նայում ենք, ՄԻՊ-ի հետ էլ անընդհատ քննադատությունները քննարկում ենք, որպեսզի նման դեպքեր, սխալներ այլեւս չլինեն:

Ինչեւէ, ոստիկանական համակարգը զերծ չմնաց կադրային փոփոխություններից: Որպես ներսի մարդ ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ամենը: Կադրային փոփոխությունները պայմանավորվա՞ծ էր անձերով, թե՞ այս ամենը արվում է համակարգը բարելավելու ուղղությամբ:

Իհարկե, փոփոխությունները արվել են համակարգը ավելի ուժեղացնելու, երիտասարդ  կադրերով համալրելու համար: Երիտասարդների աշխատանքը պետք է գնահատվի պարտադիր: Իսկ հին աշխատակիցները չեն հեռացվել: Նրանց ընդամենը տեղաշարժեցին: Որոշ մարդիկ կադրերի տրամադրության տակ են վերցվել, որպեսզի  հետագայում նրանց համար նոր աշխատանք գտնվի, իսկ այն մարդիկ, որոնք, որ  լավ են աշխատել, բայց չեն համապատասխանել տվյալ պաշտոնին, տեղափոխվել են այլ ծառայություններ: Հին փորձառու աշխատողները տարվում են կենտրոնական ապարատ,  որպեսզի այնտեղից իրենց փորձը հանձնեն մնացած երիտասարդ աշխատողներին, եւ դա  ճիշտ է, քանի որ ներքեւի օղակներում պետք է երիտասարդներն ավելի աշխատեն:

Ամեն դեպքում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր հրաժարականից հետո տրված առաջին հարցազրույցում այնքան էլ դժգոհ չէր իր տեղափոխությունից նախագահի աշխատակազմ` պատճառաբանելով, որ եթե մարդ մի համակարգում երկար է աշխատում,  սկսում է աստղային հիվանդությամբ տառապել: Ալիկ Սարգսյանի հետ աշխատելիս նրա մոտ աստղային հիվանդության տարրեր նկատո՞ւմ էիք:

Նա է այդպես ասել:

Այո:

Ես միայն կարող եմ ասել, որ համաձայն չեմ այդ մտքի հետ: Դա մարդուց է գալիս: Փառք Աստծո, ես 8 տարի է աշխատում եմ նույն տեղում եւ իմ մոտ ոչ մեկդ էլ չեք նկատել, ինձ թվում է, աստղային որեւէ բան:

Իսկ Վլադիմիր Գասպրյանի նշանակմանը ինչպե՞ս եք վերաբերում: Նա, ի՞նչ կարող է տալ ոստիկանական համակարգին ըստ: Ի՞նչ ձեռագրով է տարբերվելու մյուսներից:

Նա ավելի նոր մտքեր, ավելի մեծ ստիմուլ կտա համակարգին: Ավելին` արդեն իր քայլերը ցույց են տալիս, որ երիտասարդներին փորձում է տեղ տալ, ճիշտ նշանակումներ է կատարում: Նա ոստիկանական համակարգի հին աշխատող է եւ ավելի մեծ փորձ ունի: Ինքը, որպես մարդ  ընդհանրապես լցված է ավելի շատ կյանքով, առույգությամբ եւ, ամենակարեւորը, նպատակասլաց է:

Պարոն Նազարյան, այս պաշտոնանկությունների ֆոնին Դուք ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք: Ապահովագրված եք արդյո՞ք պաշտոնանկությունից: Ձեր անունը եւս շրջանառվում է:

Ոչ մեկ ապահովագրված չի դրանից: Եթե  լավ կաշխատեմ, ինձ թվում է, ամեն ինչ լավ կլինի:

Բայց Դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք Վլադիմիր Գասպարյանի հետ:

Դա ի՞նչ կապ ունի: Մտերիմ հարաբերությունը աշխատանքի հետ կապ չունի: Շատ մտերիմներ, որոնք լավ չեն աշխատում, իրենց աշխատանքը կորցրել են չաշխատելու  հետեւանքով: Լավագույն ընկերությունը, մտերմությունը աշխատելն է: Եթե մանավանդ քո ընկերն է լինում պետք է ավելի լավ աշխատես, որ ամեն ինչ լավ լինի:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը