ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, Տեխաս նահանգի նահանգապետ Ռիկ Փերրին լուրջ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ ռուսների եւ չինացիների համար Իրանում խփված  ԱՄՆ անօդաչու սարքը կարող է հասանելի դառնալ, եւ վերջիններս կբացահայտեն դրա պատրաստման գաղտնիքները:

Այհովա նահանգի քննարկումների ընթացքում Ռիկ Փերրին մեղադրանքներ է ներկայացրել գործող նախագահ Բարաք Օբամային, որը, ըստ նրա, ոչինչ չի արել, որպեսզի ինքնաթիռ-հետախույզը օտար զինյալների ձեռքում չհայտնվի:  Քննարկումները հեռարձակել է АВС հեռուստաալիքը:

Նա Օբամային մեղադրել է նրանում, որ ընտրության երեք հնարավորությունից` վերադարձնել սարքը, ոչնչացնել այն կամ թողնել, նա ընտրել է երրորդը եւ վատագույնը:

«Ե'ւ ռուսները, ե'ւ չինացիներն այժմ կստանան մեր բարձր տեխնիկական միջոցը: Այս նախագահը խնդիր է մեզ համար», - ասել է Փերրին: Թեկնածուի այս հայտարարություններից հետո դահլիճը երկար ժամանակ ծափահարել է:
Օրերս պարզ դարձավ, որ ռուս եւ չինացի փորձագետները դիմել են Իրանի իշխանություններին` խնդրելով իրենց մոտ թողնել  ԻԻՀ-ում խփված ամերիկյան սարքին: Թեհրանում էլ հայտնել են, որ սարքը ԱՄՆ-ին վերադարձնել չեն պատրաստվում:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին մտահոգություն էր հայտնել, որ իրանյան զինվորականները կարող են տիրապետել ամերիկյան անօդաչու թռչող սարքի գաղտնի տեխնոլոգիաներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին իրանական  լրատվամիջոցները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը խփել են ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքը, որն Աֆղանստանի կողմից հատում էր Իրանի սահմանը: Սկզբում ամերիկյան ռազմական հրամանատարությունը հրաժարվել էր սարքից, այնուհետեւ ենթադրություններ էին հնչել, որ Աֆղանստանում այն «կորցրել են» ISAF-ի ուժերը:

Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ Իրանում խփված RQ-170 Sentinel անտեսանելի ինքնաթիռը պատկանել է ԿՀՎ-ին եւ գործածվել է իրանական միջուկային օբյեկտների, ինչպես նաեւ «Հըզբոլլահ»-ի գրոհայինների ճամբարի մասին տեղեկատվություն հավաքելու համար:

Եվս մի քանի օր անց Press-TV հեռուստալիքը հաղորդել էր, որ իրանական հակաօդային պաշտպանության ուժերը ամերիկյան անօդաչու RQ-170 Sentinel սարքը խփել են կիբերհարձակման միջոցով: