«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել սփյուռքահայ բարեգործ, «Նարեկացի» արվեստի միության ղեկավար Նարեկ Հարթունյանի կալանավորման  կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում իշխանությունը զավթած բռնատերերի խամաճիկային «արդարադատությունը»  արձանագրել է հերթական խայտառակ դրսեւորումը: Տարիներ շարունակ երկրի ազգային հարստությունը  թալանի ենթարկող եւ մի քանի ընտանիքների միջեւ բաժանած, ինչպես նաեւ  ողջ տնտեսությունը «ստվերային» միջոցներով  կառավարող ռեժիմը վերջապես որոշեց «օրենքի իշխանություն» հաստատել տնտեսության ոլորտում:

Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ, որ «հանուն հարկային արդարության» սկսված պայքարը թիրախ ընտրեց սփյուռքահայ Նարեկ Հարթունյանին եւ Հարությունյան ընտանիքը` մարդկանց, որոնք   ներդրողների մեջ առանձնանում են իրենց մշակութային եւ արվեսասեր կերպարով եւ գործերով: Հարթունյան ընտանիքը առանձնանում է հայ մշակույթի եւ արվեստի բնագավառում վերջին տասնամյակում կատարած  որակական եւ քանակական տեսակետից բացառիկ ներդրումներով` հիմնելով արվեստի եւ մշակույթի իր տեսակի մեջ եզակի կենտրոններ Երեւանում եւ Շուշիում, իրականացնելով հարյուրավոր մշակութային նախագծեր Հայաստանում եւ արտերկրում:  Ավելին, Հարթունյան ընտանիքը եւ Նարեկ Հարթունյանը այն առաջին սփյուռքահայերն են, որոնք խոշոր ներդրումներ են արել ազատագրված տարածքներում` հիմնելով Քնարավան գյուղը Քարվաճառի շրջանում:

Հատկանշական է, որ նման զարգացումները հետեւել են օրեր առաջ սփյուռքին ուղղված Սերժ Սարգսյանի ամպագոռգոռ կոչերին`համագործակցել, ներդնել, վերադառնալ Հայաստան: Եթե հիշենք, որ վերջերս սփյուռքի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ` Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀՅԴ ԱՄՆ արեւմտյան ափի կենտրոնական կոմիտեն, Շարլ Ազնավուրը, Լեւոն Հայրապետյանը եւ ուրիշները, կոշտ եւ անկեղծ գնահատական են տվել Հայաստանում տիրող աղետալի իրվիճակին, ապա հասկանալի է դառնում իշխող ռեժիմի այսպիսի կեցվածքի պատճառը:

Այս իմաստով, Նարեկ Հարթունյանի գործը, արտացոլելով քրեա-օլիխարխիկ  համակարգի տրամաբանության ողջ գունապնակը, պետք է դիտարկվի ոչ թե որպես առանձին դեպք կամ թյուրիմացություն, այլ որպես սփյուռքահայ հանրությանը եւ մտավորական շրջանակներին մի քանի պատասխան զգուշացումներ անելու եւ մեսիջներ հաղորդելու յուրահատուկ ձեւ:

Հալածանքի ձեւն ու ոճը ոչ միայն տնտեսական վեճի, այլեւ քաղաքական վրեժի տեսք են ստացել: Հալածանք  է սկսվել մի հայրենասեր բարեգործի նկատմամբ, որը խուսափելով հանդերձ  քաղաքականությունից, միշտ բնութագրվել է իր անկախ, ինքնուրույն եւ ազգային գործելաոճով: Փաստորեն հետապնդվում է անկախ ու ինքնուրույն ձեռներեցության ու ազգային գործունեության բուն փորձն ու գաղափարը, երբ սփյուռքահայ գործարարը մի կողմից չի համաձայնեցնում իր ազգային բարեգործական գործողությունները, իսկ մյուս կողմից չի “կիսվում” իր բիզնեսով  տեղական քրեա-օլիգարխիկ համակարգի հետ եւ այդ իսկ պատճառով սկսվում է ենթարկվել բռնությունների: Հետապնդվում է նաեւ ազատագրված տարածքներում ներդրում անելու առաջին փորձը` կանխելու համար  նման ներդրումների հոսքը դեպի այդ տարածքներ:

Այս գործում առկա կամայականությունների  առատությունը, ներառյալ  Նարեկ Հարությունյանի կալանքի իրականացումը, լկտի կերպով մատնում է Հայաստանի հանրապետության արդարադատության չգործող համակարգի սնանկ էությունը եւ ենթակայությունը վերեւից թելադրվող հրահանգներին :

Նարեկ Հարթունյանի գործը թույլ է տալիս անել մի քանի հստակ հետեւություններ.

Սին է այն ակնկալիքը, թե քրեա-օլիխարխիկ համակարգի հետ համագործակցության ճանապարհը կարող է հանգեցնել նրա որակական  փոփոխմանը: Հայաստանում ներկայումս գոյություն ունեցող բռնատիրության  պայմաններում որեւէ իմաստավոր ազգային, բարեգործական եւ տնտեսական  գործունեություն կարող է ծավալվել միայն ի հաշիվ քրեա-օլիխարխիկ համակարգի ուժեղացման, իսկ իրականացվել՝ միայն այդ համակարգի կողմից գաղափարական ու առավել եւս նյութական բոլոր միջոցների կոշտ հսկողության ու «հարկման» պայմաններում:

Սփյուռքի, որպես «կթան կովի» պատկերացումը պետք է փոխարինվի նրա, որպես նոր Հայստանի գործուն շինարարի եւ մարտիկի պատկերով: Անհրաժեշտ է ոչ միայն զրկել կեղեքիչներին սփյուռքի նյութական ու բարոյական աջակցությունից, այլեւ ուղղել սփյուռքի տնտեսական ներուժը եւ բարեգործական մասնակցությունը դեպի Հայաստանի եւ սփուռքի առողջ ուժերի միացյալ դիմադրություն, անհնազանդություն ու պայքար` ինչպես այս մասնավոր գործի պարագայում, այնպես եւ քրեա-օլիգարխիկ համակարգի լիակատար կազմաքանդումը ապահովելու նպատակով:

Նարեկ Հարթունյանի գործը վերջին կաթիլը պետք է դառնա Սփյուռքի առողջ ուժերի համբերության բաժակում: Մնացածը կանի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը»: