Հայաստանի Սահմանադրական դատարանը 2012-ի մարտի 6-ին, գրավոր ընթացակարգով քննության է առնելու «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» դիմումը՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքում մասնավորապես հիմնավորվում է, որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որպեսզի վերջիններս մշակեն եւ իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք:

Ընդ որում, սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը` որպես տեղեկություն, եւս գաղտնի են: Այլ կերպ ասած, գերատեսչության գաղտնի` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են:

Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարեւոր եւ ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական եւ ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ: