Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շաբաթ այցելել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ լեհական սահման, որպեսզի ստուգի ռազմական ամրությունների կառուցումը արեւելյան սահմանի երկայնքով՝ այն «խաղաղության գործում ներդրում» անվանելով, տեղեկացրել է Associated Press-ը։

«Որքան ավելի լավ է պահպանվում լեհական սահմանը, այնքան ավելի դժվար է դրա հասանելիությունը նրանց համար, ովքեր վատ մտադրություններ ունեն»,- ասել է Տուսկը Դաբրովկա գյուղի մոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ կանգնելով բետոնե հակատանկային պատնեշների առջեւ։

Մեկ ամիս հետո Լեհաստանը պետք է ընդունի Եվրամիության նախագահությունը, եւ Տուսկի այցը ընթանում է դրանից մեկ ամիս առաջ։ Լեհ պաշտոնյաներն ասում են, որ իրենց առաջնահերթությունն է եվրոպացիներին կոչ անել ամրացնել պաշտպանությունը ռուսական ագրեսիայի եւ Վաշինգտոնում սպասվող փոփոխությունների շրջանում։ Եվրոպացի որոշ ղեկավարներ անհանգստացած են նրանով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք վարչակազը կարող է այնքան էլ կողմնակից չլինել Եվրոպայի պաշտպանությանը։

Լեհաստանի կառավարությունը եւ բանակն այս տարի սկսել են կառուցել համակարգ, որն ստացել է «Արեւելյան վահան» անվանումը։ Այն ընդգրկելու է մոտ 800 կիլոմետր՝ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ լեհական սահմանի երկայնքով։ Արեւմտյան պաշտոնյաները Ռուսաստանին մեղադրում են Արեւմուտքի դեմ հիբրիդային գրոհների մեջ, որոնք ներառում են սաբոտաժը, միգրացիան որպես զենք, ապատեղեկատվությունը եւ թշնամական այլ միջոցներ։

Տուսկի կառավարության գնահատմամբ՝ ռազմավարական նախագիծը կարժենա  10 մլրդ զլոտիից (2,5 մլրդ դոլար) ոչ պակաս։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ Լեհաստանի սամաններն ամենաարեւելյան արտաքին սահմաններն են ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար։