Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել է «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվել է այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարեւորությունը, ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ` իր խախտված իրավունքների վերականգնման համար:
Այս տարի «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվել է Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գագիկ Աթասյանին: Շահառուի իրավական խնդիրը կապված է եղել Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների կողմից իր անձի նկատմամբ դրսեւորված ոչ օրինական գործելակերպի հետ, երբ վերջիններս վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր են ստեղծել, ինչի արդյունքում Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից կազմվել է ստուգման ակտ եւ շահառուի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տույժ` հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու մտածածին հիմքով:
Շահառուի` հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսեւորած անհանդուրժողականության եւ սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետեւողականության, ինչպես նաեւ ՇՊԱԿ-ի աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության եւ ցուցաբերած օժանդակության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք հադիսացած ստուգման ակտը, այսինքն վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլեւ խախտումներ կատարած հարկային ծառայողները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցների:



























