Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` դեկտեմբերի 12-ին, ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քննարկվել է առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում եւ այլ վայրերում հրդեհային անվտանգության ապահովման եւ հրավառությունների ու այլ հրատեխնիկայի անվտանգ օգտագործման խնդիրները:
Խորհրդակցությունը վարող ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված խնդիրների վրա բնակչության ուշադրությունը բեւեռելու նպատակով նախարարը հանձնարարել է հեռուստատեսությամբ կազմակերպել հրդեհային անվտանգության պահպանման, հրավառությունների անվտանգ օգտագորման մասին տեղեկացնող-հիշեցնող սոցիալական տեսահոլովակների ցուցադրում։
Ա. Երիցյանը նշել է, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ ահազանգերին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով ԱԻՆ-ում կձեւավորվի սակրավորների խումբ: Բարդ տեղամասերում քարաթափումներն ու սահքերը կանխարգելելու, ինչպես նաեւ բարդագույն խնդիրներ լուծելու նպատակով կկազմավորվի նաեւ հատուկ խումբ` պայթեցման աշխատանքների համար: Այդ նպատակով մի խումբ ծառայողներ արդեն մասնակցում են համապատասխան դասընթացների:
ԱԻՆ-ում շարունակվում է աշխատակիցների ատեստավորումը: Անցյալ շաբաթ ատեստավորվել է մոտ 500 հրշեջ-փրկարար:
Նախարարին զեկուցել են, որ անցյալ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 114 դեպքի ապահովվել է օպերատիվ եւ արդյունավետ արձագանք: Նախարար Երիցյանը Փրկարար ծառայության տնօրենին հանձնարարել է դրամական խրախուսանքի ներկայացնել դեկտեմբերի 10-ին Երեւանի Բուզանդի փողոցում բարդ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին։
Նախարարը նշել է, որ մոտ ապագայում ԱԻ աշխատակցի համազգեստ կկրեն համակարգի բոլոր ծառայությունների, այդ թվում` հրդեհային տեսչության եւ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները:




























