Ազգային ժողովի հանրապետական գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը պարզաբանել է այսօր` դեկտեմբերի 12-ին ասուլիսում արտահայտած իր խոսքը, կապված խորհրդարանական ընտրություններից մեկի ժամանակ իրեն ընտրակաշառք առաջարկելու հետ, որն ինքը վերցրել է:
Ըստ հանրապետական խմբակցության պատգամավորի, իրեն 5 հազար դրամ ընտրակաշառք է առաջարկվել ոչ թե վերջին խորհրդարանական ընտրությունների, այլ 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ,. որն ինքը վերցրել է: «Իմ խոսքը նենգափոխվել է, ես ասուլիսում հստակ նշել եմ, որ խոսքը նախորդ խորհրդարանական ընտրություններից մեկի մասին է, ոչ թե վերջին խորհրդարանական ընտրությունների մասին»,- ասաց նա, հավելելով, որ հենց վերցնելու պահին էլ հայտարարել է, որ չի քվեարկելու տվյալ թեկնածուի օգտին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մանվել Բադեյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «թակել» են իր տան դուռն ու 5 հազար դրամ ընտրակաշառք առաջարկել` թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար:
Մ. Բադեյանի խոսքով` ինքը վերցրել է այդ ընտրակաշառքը, սակայն քվեարկել է բնավ ոչ այդ թեկնածուի օգտին: Նույնը նա խորհուրդ է տվել մյուս ընտրողներին, նշելով, որ յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն ընտրի, թե ինչպես պայքարել ընտրակաշառքի դեմ: «Եթե դուխները հերիքում ա, թող ասեն` վերցրու ու գնա… եթե առհասարակ տղամարդ չես`վերցրու, բայց ուրիշին քվեարկի» ,- ընդգծել էր Մ. Բադեյանը: Նա նաեւ նշել էր, որ ընտրակաշառք վերցնելը նույնպիսի մեղք է, ինչպես ընտրակաշառք բաժանելը:




























