Կոլումբիայի «լեգենդար» թմրաբարոններից մեկը և տխրահռչակ Մեդելինյան կոկաինային կարտելի (Medellín Cartel) առանցքային օպերատորներից մեկն ազատ է արձակվել ԱՄՆ  դաշնային բանտից: Ակնկալվում է, որ նրան կարտաքսեն հայրենիք, գրում է Associated Press-ը։

30 տարվա ազատազրկման դատապարտված Ֆաբիո Օչոա Վասկեսը՝ ըստ ԱՄՆ բանտերի գրասենյակի, 25 տարի անց ազատ է արձակվել:

67-ամյա Օչոան և նրա ավագ եղբայրները վիթխարի հարստություն են դիզել, երբ կոկաինը լցվել է Միացյալ Նահանգներ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին, և ըստ ԱՄՆ իշխանությունների՝ 1987 թվականին նրանք ներառվել են Forbes ամսագրի միլիարդատերերի ցանկում:

Մայամիում ապրելու ընթացքում Օչոան ղեկավարում էր կոկաինի կարտելի բաշխիչ կենտրոնը, որը ժամանակին ղեկավարում էր Պաբլո Էսկոբարը:

Օչոային առաջին անգամ մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում 1986 թվականին Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) իրազեկիչ Բարրի Սիլի սպանության մեջ իր ենթադրյալ դերի համար: Վերջինիս մասին պատմությունը մեծ էկրան է բարձրացել 2017 թվականին՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Արտադրված է Ամերիկայում»  ֆիլմում:

1990 թվականին Օչոան ձերբակալվել է Կոլումբիայում՝ կառավարական ծրագրի շրջանակում, ըստ որի՝ նարկոբարոնները ենթակա չէին արտահանձնման Միացյալ Նահանգներ։ Այդ ժամանակ նա ընդգրկված էր ԱՄՆ-ի կոլումբիացի նարկոբարոնների «Տասներկու ամենաշատ փնտրվողների» ցանկում:

Օչոան կրկին ձերբակալվել և արտահանձնվել է Միացյալ Նահանգներին 2001 թվականին՝ Մայամիի մեղադրական եզրակացության առնչությամբ, որում նա և ավելի քան 40 հոգի նշվում էին որպես թմրանյութերի մաքսանենգության դավադրության մասնակիցներ: Օչոան նրանցից միակն էր, որը որոշեց կանգնել դատարանի առաջ, ինչի արդյունքում  դատապարտվեց 30 տարվա ազատազրկման։

Մնացած ամբաստանյալները անհամեմատ մեղմ պատիժների արժանացան, քանի որ նրանց մեծ մասը համագործակցում էր կառավարության հետ:

ԱՄՆ դատախազի պաշտոնաթող օգնական Ռիչարդ Գրեգորին, որն Օչոային մեղադրող դատախազության խմբից էր, ասում է, որ իշխանությունները երբեք չեն կարողացել բռնագրավել Օչոա ընտանիքի ապօրինի թմրանյութերից ստացված ամբողջ շահույթը, և համոզված է, որ Օչոան մեծ ուրախությամբ տուն կվերադառնա: