«ԱէրոՍվիթ-Ուկրաինական ավիաուղիներ» ընկերությունը ներողություն է խնդրել Երեւան-Կիեւ հետաձգված չվերթի ուղեւորներից:
Դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 19:25-ին կիրակի օրվանից հետաձգված չվերթի ուղեւորներն ի վերջո հասել են «Բորիսպոլ» օդանավակայան:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «ԱէրոՍվիթ-Ուկրաինական ավիաուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից, կիրակի օրը չվերթը ժամանակին չի ուղարկվել Երեւանից (նախատեսված ժամանակը` 8:00), քանի որ նախօրեին Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Վատ եղանակային պայմանների պատճառով օդանավն ուղարկվել է ռեզերվային` Թբիլիսիի օդանավակայան:
Ըստ ուկրաինացիների, կիրակի առավոտյան վայրէջքի երկրորդ փորձը անհաջող է եղել նույն պատճառով: «Աէրոսվիթի» ինքնաթիռը, Թբիլիսիից թռչելով ժամը 10:25-ին, ստիպված է եղել վերադառնալ պահեստային օդանավակայան:
«ԱէրոՍվիթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ուղեւորների համար հյուրանոց են վարձել, իսկ դեկտեմբերի 12-ին Կիեւից Երեւան է ժամանել ավելի մեծ ինքնաթիռ, որը Ուկրաինա է տեղափոխել երկու չվերթների` հետաձգվածի եւ պլանայինի ուղեւորներին:
Ընկերությունը ներողություն է խնդրել ուղեւորներին անհարմարությունների համար:
Ցավոք, Թբիլիսիում ինքնաթիռի հետաձգման օպերատիվ տվյալների բացակայության պատճառով իրենք չեն կարողացել ուղեւորներին հստակ տեղեկություններ հայտնել Կիեւ մեկնման մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուկրաինական «ԱէրոՍվիթ» ընկերության ուղեւորները կարող են փոխհատուցում պահանջել ավիաընկերությունից: Այդ մասին հայտնել էր Քաղաքավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:




























