Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` դեկտեմբերի 13-ին, կայացել է Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը։
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է թրաֆիկինգի զոհերին հատուցում տրամադրելու նպատակով պետության կողմից համապատասխան հիմնադրամի ստեղծման հարցը: Կարեւորելով նման հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը` խորհուրդը որոշել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շահագրգիռ այլ մարմինների հետ, եռամսյա ժամկետում կուսումնասիրի միջազգային փորձը եւ առաջարկություններ կներկայացնի հիմնադրամի ձեւավորման սկզբունքների մասին` միաժամանակ ներկայացնելով նաեւ անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանի տեղեկությունը` թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումների մասին: Նշվել է, որ պատրաստվել է սոցիալական գովազդ, որը ցուցադրվում է հանրապետական եւ մարզային սփռում ունեցող հեռուստաալիքներով:
Խորհուրդն ընդունել է միջգերատեսչական աշխատանքային խմբին կից երկու ենթախմբերի ստեղծման առաջարկը: Նշվել է, որ ենթախմբերից մեկը կզբաղվի ազգային ուղղորդման կարգի վերանայմամբ, իսկ մյուս ենթախումբը կուսումնասիրի ԱՄՆ պետքարտուղարության եւ Եվրոպայի խորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) զեկույցները եւ աշխատանքային խմբին առաջարկություններ կներկայացնի:
Խորհուրդն անդրադարձել է նաեւ երեւույթի վերաբերյալ հանրային իրազեկման հարցերին: Մասնավորապես տեղեկացվեց, որ այդ խնդիրները լուսաբանող լրագրողների համար կկազմակերպվեն դասընթացներ, սեմինարներ:
Խորհուրդը նաեւ խրախուսական մրցանակ կսահմանի լավագույն լուսաբանման համար: Այս կապակցությամբ որոշվել է դիմել լրագրողական կազմակերպություններին` մրցանակի ստեղծման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու եւ 2011թ. մրցանակակիրների ընտրության համար: Նախատեսվում է, որ նման մրցանակբաշխությունը կդառնա ավանդական:




























