«Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Հարություն Անտոնյանն` այդ պաշտոնում փոխարինելով Էդվարդ Վահանյանին:

Այսօր, դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոր տնօրենը խոսել է արդեն կատարած իր մի քանի աշխատանքներից ու առաջիկա ծրագրերից:

Դիտարկմանը, թե Վանաձորում շրջանառվող լուրերի համաձայն, Հարություն Անտոնյանը Երեւանի Արաբկիրի վարչական շրջանի թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրն է, ու վերջինիս միջնորդությամբ է նշանակվել «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն, վերջինս չհերքեց որ իր եւ Հրայր Անտոնյանի միջեւ կա ազգակցական կապ, հավելելով, որ տեղեկատվությունը կիսատ է, քանի որ ոչ թե Հրայր Անտոնյանն է միջնորդել իր տնօրեն նշանակվելուն, այլ ինքն ու եղբայրը միեւնույն օրն են ստացել իրենց պաշտոնների նշանակման լուրերը:

«Մենք միաժամանակ, նույն օրը ստացանք նշանակումները, իրարից անտեղյակ զանգահարել ենք մեկս մյուսին շնորհավորելու»-ասաց Հարություն Անտոնյանը, հավելելով, որ իրենցից յուրաքանչյուրն անելու է իր աշխատանքը, առանց կողմնակի միջնորդությունների: