«Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերության նորանշանակ տնօրեն Հարություն Անտոնյանը հերքել է Վանաձորում շրջող լուրերը, ըստ որոնց ինքն ու «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերության նախկին տնօրեն Էդվարդ Վահանյանը թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ:

Այսօր` դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի, թե ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է նա նախկին տնօրեն Էդվարդ Վահանյանի հետ, Հ. Անտոնյանն ասաց. «Չգիտեմ ժողովուրդն ինչ կամ ինչու է խոսում, բայց ես ու նախկին տնօրենը նորմալ հարաբերություններ ունենք իրար հետ, ես խորհորդներ ստանալու ակնկալիքով հաճախ եմ դիմում նրան»:

Ինչ վերաբերում է «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերությունում կադրային կրճատումներին, նա նշեց, որ ինքն աշխատելու է առավելագույնս թափանցիկ ու արդար, եթե կան մարդիկ, ովքեր աշխատանքից դուրս են եկել կամ ազատվել իր նշանակման ժամանակ, դա ընդամենը համընկնում է: «Ես ոչ ոքի աշխատանքից չեմ ազատել, մենք աշխատելու ենք մեծ թափով,  ու եթե մարդիկ չեն կարողանա հասնել մեր թափին, ուղղակի թող հրաժարվեն իրենց աշխատանքից»:

Ավելին, նորանշանակ տնօրեն Հարություն Անտոնյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են եւ կարիք ունեն նոր աշխատողներ ընդունել: