Այսօր Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվում են աշխարհաքաղաքական բեկման մեջ, որն ստիպում է ռազմավարական ընտրություն կատարել։ Այս մասին «Հայաստանը եւ Ռուսաստանը գլոբալ եւ տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը եւ ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«2020թ. պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանության սպառնալիքի եւ էթնիկ զտումների վտանգի պատճառով Արցախի ժողովրդի հեռանալը անցած տարի, ինչպես նաեւ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան հանգեցրին այն բանին, որ ինչպես երբեք խիստ անհրաժեշտ ռազմավարական երկխոսությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տեղը զիջել է փոխադարձ մեղադրական հռետորաբանական մենամարտերին հանրային հարթությունում՝ աստիճանաբար հեռացնելով մեր բարեկամական երկրներին միմյանցից։
Այս վտանգավոր միտումը օգուտ չի բերում ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին։
Ես կառանձնացնեի երեք չափում, որոնք հիմնարար են արդյունավետ ռազմավարական համագործակցության համար ինչպես այսօր, այնպես էլ տեսանելի ապագայում։
Առաջին չափում՝ անվտանգություն
Բոլոր պետությունների համար սեփական անվտանգության ապահովումը դարձել է ամենաառաջնահերթ խնդիրրը, որից բխում է մնացածը։
Վերջին ժամանակներս մեր երկկողմ օրակարգը շեշտադրում է առեւտուրը եւ տնտեսական ուղղությունը, որը վերջին երկու տարում գրանցել է աննախադեպ աճ։ Դա չի կարող չուրախացնել, սակայն երկարաժամկետ համագործակցությունը տնտեսական, հումանիտար եւ սկզբունքորեն կարեւոր այլ ուղղություններում գլոբալ տրանսֆորմացիայի պայմաններում լիովին կախված է անվտանգության կառուցման արդյունավետությունից։ Հակառակ դեպքում որոշ առաջավոր ուղղություններ կհայտնվեն սպասվող եւ անսպասելի աշխարհաքաղաքական ցնցումների ավերակների տակ։
Անհրաժեշտ է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անվտանգության քաղաքականության եւ գոյութենաբանական սպառնալիքների հաղթահարման միջոցների վրա։ Համատեղ ռազմավարական մոտեցման բացակայությունն արդեն հանգեցրել է կարճաժամկետ, չմտածված եւ իրավիճակային որոշումների ընդունման, որոնք ժամանակի ընթացքում լուրջ էրոզիայի կենթարկեն մեր պետությունների երկարաժամկետ շահերը։
Յուրաքանչյուրը պետք է իր զգալի ավանդը ներդնի անվտանգության ոլորտում, այլ ոչ թե պարզապես լինի շահառու եւ սպառող։ Հենց նման պրագմատիկ եւ փոխշահավետ մոտեցումը կապահովի անվտանգության համակարգի արդյունավետությունը եւ կայունությունը։
Երկրորդ չափում՝ դաշինքներ
ՀԱՊԿ-ը, որն ստեղծվել է բոլորվին այլ իրադրությունում, ներկա իրողություններին հարմարվելու կարիք ունի։
Հավաքական անվտանգության սկզբունքը չի կարող օպերատիվ եւ արդյունավետ հարթել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրներն ազատ են յուրովի մեկնաբանելու սպառնալիքների մակարդակը եւ ընդունելու համապատասխան որոշումներ։
Մենք արդեն ունենք տխուր փորձ, որը դարձել է ազդանշան արատքին խաղացողների համար, բայց չի նպաստել վստահության ամրապնդմանը կազմակերպության ներսում։
Այս իմաստով վերջին՝ Աստանայի խորհրդակցությունը հույս է ներշնչում, որ կա մոտեցումների արդիականացման անհրաժեշտություն ներկա ցնցումների հանդեպ։
Կյանքն ինքը ստիպում է նախաձեռնել տարածաշրջանային կոալիցիաների ստեղծում, որոնք կմիավորվեն համընկնող շահերով՝ հաղթահարելու համար ընդհանուր մարտահրավերները։ Շահերի համընկնումը ամենաամուր կապն է պետությունների միջեւ, եւ հենց այստեղ Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ, ինչն արդյունքում կհանգեցնի ընդհանուր սպառնալիքների հաղթահարման եւ իրավիճակի կայունացման տարածաշրջանում։
Երրորդ չափում՝ կայունության ապահովում
Աշխարհում ներկա դիմակայությունը էլ ավելի է հիշեցնում հյուծման պատերազմ, եւ մասշտաբային, երկարաժամկետ, պաշարման պատերազմի ելքը շատ բանով կախված կլինի կողմերից յուրաքանչյուրի՝ աշխարհամասային տրանսպորտային հաղորդակցությունները կառավարելու եւ վերահսկելու ունակությունից։
Այսօր շատ է խոսվում տարբեր տրանսպորտային միջանցքների մասին։ Գաղտնիք չէ, որ որոշ երթուղիների ձեւավորումը անհրաժեշտ օղակ կդառնա հայտնի երկրների էքսպանսիայի եւ վաղեմի ռազմավարական նպատակներին հասնելու համար, ինչը կխորացնի իրավիճակը Հայաստանում եւ կթուլացնի Ռուսաստանի դիրքերը կարեւոր տարածաշրջաններում։
Որպես այս սցենարի այլընտրանք չափազանց կարեւոր եմ համարում սկսել այլ տարբերակների գործնական դիտարկումը, որոնք Հայաստանի անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ապահովման դեպքում հուսալի ենթակառուցվածքային զարկերակ կստեղծեն։
Այս լոգիստիկայի գործնական նշանակությունը չի սահմանափակվի միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլ կունենա կայունացնող էֆեկտ ավելի լայն իմաստով։
Սիրիայում իրավիճակի ողբերգական հանգուցալուծումը մեկ անգամ եւս հաստատում է այս միտքը։
Առանց վերը թվարկված հիմնարար խնդիրների համապարփակ լուծման չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի իրականացնել տարածաշրջանային վերափոխման վտանգավոր գործընթացի կանխումը՝ ամենաբացասական հետեւանքներով Հայաստանի եւ Ռուսաստանի համար»,- նշել է Այվազյանը։





























