Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խստորեն քննադատել է ադրբեջանցի երկու բլոգերների` Ադնան Հաջիզադեի եւ Էմին Մելիի ազատազրկման դատավճիռը: Բլոգերները ինտերնետում տեղադրել էին մամուլի ասուլիս տվող ավանակի մասին տեսանյութ:

«Կայացած դատավարության միակ նպատակը իշխանություններին քննադատելու հանդգնություն ունեցած երկու բլոգերներին գրաքննելն ու պատժելն էր՝ իրենց քաղաքական հայացքների համար», — ըստ «Ազատություն» ռադոկայանի՝ ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դատարանը Էմին Միլլիին դատապարտել էր 2,5, Ադնան Հաջիզադեին՝ 2 տարվա ազատազրկման: «Օլ» («Եղի՛ր») Երիտասարդական շարժման առաջնորդ Ադնանա Հաջիզադեն եւ «Alumni Network» երիտասարդական ցանցի ղեկավար Էմին Միլլին ձերբակալվել էին այս տարվա հուլիսի 8-ին` խուլիգանության մեղադրանքով, թեեւ իրավապաշտպանների կարծիքով՝ հետապնդումը քաղաքական դրսեւորում ունի: