Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում «Եվրամիության հետ առաջարկվող առեւտրային շրջանակը» անվանումը կրող բիզնես սեմինար էր կազմակերպվել, որը, ըստ Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանի, նպատակ ունի բարձրացնել ձեռնարկություններում եւ ընդհանրապես գործարարների մոտ ձեռնարկատիրության կազմակերպման եւ արտահանման հետ կապված իրազեկվածության մակարդակը, ինչպես նաեւ ընդլայնել մեր արտահանումը ԵՄ երկրներ: «ԵՄ երկրներում շուկաների մուտքը բավականին դժվարին գործընթաց է, որը պայմանավորված է ինչպես ապրանքների որակով, այնպես էլ ձեռներեցների որոշակի իրազեկվածությամբ. այդ ապրանքները վաճառելու, բանակցելու, շուկաները հետազոտելու, գոյություն ունեցող առեւտրային ռեժիմները ճանաչելու եւ ստեղծված հնարավորություններից օգտվելու համար: Մենք ցանկանում ենք ձեռներեցների հետ պարբերաբար հանդիպումների միջոցով լրացնել իրազեկվածության պակասը»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք արտահանումը զարգացնելու հիմնական խոչընդոտը իրազեկվածության պակասն է, թե ասենք ստվերային տնտեսության առկայությունը կամ տնտեսության մոնոպոլիզացված վիճակը, փոխնախարարը պատասխանեց. «Հասկանալի է, որ իրազեկվածության պակասը միակ պատճառը չէ: Այդ շարքում են նաեւ գործարար միջավայրի բարելավումը, որի ուղղությամբ իրականացվում է „Doing business“ ծրագիրը, ինչպես նաեւ բուն աջակցությունը ձեռնարկություններին»:

Այնուհետեւ անդրադառնալով ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու հնարավորությանը, փոխնախարարը նշեց, որ դա ինտեգրացիայի բավականին խորը մակարդակ է, որը ենթադրում է բարենպաստ ռեժիմներով ապրանքների արտահանում Եվրոպա: Նա կարծիք հայտնեց, որ կարեւորը ոչ այնքան այդ համաձայնագրի կնքումն է, որքան այն, որ Հայաստանն ունենա այնպիսի համակարգ, որպեսզի Եվրոպան թույլ տա մեզ կնքել նման համաձայնագիր: