Հոնկոնգը գլխավորել է համաշխարհային առաջատար ֆինանսական կենտրոնների վարկանշային ցուցակը: Այն շրջանցել է ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային, որոնք նախկինում մշտապես այդ ցուցակի առաջատար դիրքերում էին:

Այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) ամենամյա զեկույցում:

Փորձագետները Հոնկոնգի առավելություններից նշում են ցածր հարկերը, մայրցամաքային Չինաստանի տնտեսությանը մոտ գտնվելը, յունայի շրջանառության օֆշորային կենտրոնի կարգավիճակի ձեռքբերումը եւ այլն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարկանշային ցուցակը, որը 7 տարբեր չափանիշներով է կազմվում, ընդգրկել է 60 երկրներ եւ տարածքներ: Հոնկոնգը 7 հնարավորից 5,16 միավոր է ստացել: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 5,15 միավոր: Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան` 5 միավոր:

Առաջատարների տասնյակում են նաեւ Սինգապուրը, Ավստրալիան, Կանադան, Նիդեռլանդները, Ճապոնիան եւ Նորվեգիան: Մայրցամաքային Չինաստանը 19-րդ տեղում է: