«Նարեկացի» արրվեստի միության ղեկավար Նարեկ Հարթունյանի, ինչպես նաեւ «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ հաշվապահ Արթուր Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացնելով, նրանց հնարավորություն է տրվել վճարել պետությանը պատճառված վնասը: Այս մասին հաղորդում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ վաղը` դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա ասուլիս հանրային մեծ աղմուկ բարձրացրած  Նարեկ Հարթունյանի գործի կապակցությամբ: Մամլո ասուլիսին կխոսեն եւ լրագրողների հարցերին կպատասխանեն «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը, գործով զբաղվող իրավապաշտպաններ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, փաստաբան Անի Թորոսյանը եւ «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը: