Երբ որևիցե դատարան, որևիցե քննիչ կիրառում է երեխայի լսված լինելու իրավունքը, ինքը չպետք է դա ընկալի որպես բացարձակ ճշմարտություն, այլ պետք է դա դիտարկի երեխայի լավագույն շահից ելնելով, այսինքն միայն այդ համատեքստում դիտարկի արդյոք երեխային պետք է լսել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը՝ անդրադառնալով նրան, որ պրակտիկայում 14-16 տարեկան երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքում մեղադրյալը ազատ է արձակվել տուժողի հետ հաշտվելու հիմքով:
«Շատ պարզ պրիմիտիվ օրինակ բերեմ, եթե փոքր երեխան ասում է չեմ ուզում սուպ ուտեմ, ուզում եմ միայն կոնֆետ ուտեմ, որևիցե ծնող չի համաձայնվում դրան, հետևաբար եթե երեխան ինքը ասում է՝ ես համաձայնել եմ սեռական հարաբերություն ունենալուն, դա բացարձակապես չի նշանակում, որ իր համաձայնությունը կշռադատված է, ամբողջական է, գիտակցված է և պետք է ընդունվի որպես բացարձակ ճշմարտություն՝ անտեսելով երեխայի լավագույն շահը։
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռմխելիության վիճակում, այսինքն նրանց հետ չափահասի կողմից ցանկացած սեռական գործողություն ինքը դիտվում է որպես անթույլատրելի և ինչքան էլ մինչև 16 տարեկան երեխան համաձայնություն է հայտնում, այդ համաձայնությունը չի կարող ընկալվել որպես որևիցե պատասխանատվությունից ազատելու հիմք։ »,- հայտարարեց Թումասյանը՝ հավելելով, որ դեպքերը եղել են և՛ մարզերում, և Երևան քաղաքում, եւ դա համատարած է դարձել:
Նա նկատեց, որ այսպիսի դեպքերում պարտադիր չէ, որ լինի բողոք. «Հետևաբար մենք վերապահումով պետք է դիտարկենք այդ հաշտությունների հիմքերը և մոտեցումները։
«Երբ պաշտպանը բերում է համապատասխան դատարանի որոշում և ասում է՝ նայիր, այսինչ դատարանը այսինչ գործով կիրառել է հաշտություն տուժողի հետ, դատավորը սկսում է կաշկանդվածություն զգալ և ինքն էլ ակամա ընտրում է այդ ուղղությունը, բայց այդ մոտեցումը միանշանակ անընդունելի է երեխայի պարագայում:
Օրինակ, դեպքերից մեկով 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել և նշել, որ երբ որ մամայի ընկերները, ում հետ ինքը միշտ խմում էր և իրենք ապրում էին մեկ վագոն տնակում, այսինքն ամեն ինչը երեխան տեսնում էր, և այդ ընկերներից մեկը հարաբերություն էր ունենում մամայի հետ, ասում է՝ այդ անձի ընկերը նայեց ինձ, ասեց դե դու էլ հանվիր, պառկիր այս մահճակալին: Ասում է՝ ես նայեցի մամային, մաման ոչ մի բան չասեց, ոչ մի վատ բան դրա մեջ չտեսա, հանվեցի և ես էլ պառկեցի:
Նայեք, երեխան այստեղ չի էլ գիտակցել որ պետք է դիմադրություն ցույց տալ, երեխան ընդամենը իր ծնողին նայելով և չստանալով նրանից որևիցե պաշտպանություն կամ աջակցություն, տվյալ պարագայում չի էլ դիտարկում, որ այդ տեղ ինքը կարող էր չհամաձայնվել, կամ կարող էր դիմադրել:
Բայց միայն այն փաստը, որ այդ տղամարդը գիտակցում էր, որ 13 տարեկան երեխայի հետ է ունենում սեռական հարաբերություն, դա արդեն հանցագործություն է և որևիցե պարագայում ինքը չպետք է ազատվի պատասխանատվությունից»,- հայտարարեց Թումասյանը:



























