ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր` դեկտեմբերի 14-ին, այցելել է Գյումրի, որտեղ հանդիպումներ է ունեցել պետական բուհերում, քննարկել ֆինանսական ու ծրագրային խնդիրներ: NEWS.am-ին Կրթության եւ գիտության նախարարությունից հայտնեցին, որ բոլոր բուհերում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը անդրադարձել է կրթության ոլորտում առկա նույն հարցերին ու խնդիրներին: «Կրթական համակարգում 2012-ին կտրուկ փոփոխություններ են լինելու»,- հայտարարել է նախարար Արմեն Աշոտյանն ու ոլորտի աշխատողներին էլ խորհուրդ տվել պատրաստվել, քանի որ մշակվել են նոր ծրագրեր, որոնք միտված են կրթության որակի բարելավմանը, ուսանողների իրավունքների պաշտպանությանը եւ այլն:
Մանկավարժական իստիտուտի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել բուհի ու նախարարության միջեւ հաջորդ տարի կառույցում գիտական խորհրդի ձեւավորման եւ ինստիտուտի մասնաշենքի կառուցման համար ֆինանսների հայթայթման ուղղությամբ: Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում աշխատակիցները նախարարի հետ հանդիպման ժամանակ այլ հարցեր են բարձրացրել: «Համալսարանի տված կադրերը լուրջ անելիքներ պետք է ունենային Շիրակի մարզի արդյունաբերական ոլորտի զարգացման համար, սակայն այսօր արդյունաբերական համակարգում գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով Գյումրիում ծրագրեր չեն ֆինանսավորում, արդյոք այս հարցը չի հուզում կրթության ու գիտության նախարարությանը»,-հադիպման ժամանակ հարց է բարձրացրել Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցներից Ջոն Ասատրյանը: ԿԳՆ-ը արդարացի է համարել այս դժգոհությունն ու հավաստել, որ հաջորդ տարվանից ձեռնամուխ են լինելու նաեւ նմանատիպ խնդիրների լուծմանը:




























