Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բուրբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային Ժողովում, դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած «Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը:

NEWS.am-ին ԱԳՆ-ից հայտնեցին, որ գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, միջազգային իրավունքի եւ, մասնավորապես, Կոսովոյի նախադեպի շրջանակներում: Գիրքը նախատեսված է ԼՂ հիմնահարցով զբաղվող մասնագետների, քաղաքագետների եւ ընթերցող լայն շրջանակների համար: Ժողովածուում տեղ գտած հրապարակումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող արդիական խնդիրների շուրջ ծավալված աշխույժ բանավեճ-քննարկումներին մասնակցել են եւ սեփական տեսակետների ներկայացմամբ ու մեկնաբանություններով հանդես են եկել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ժաք Ռեմիլիեն, Հայկական դիտարանի ղեկավար Ռոբեր Հայդաբիրյանը, իրավագետ Ժերար Գերգերյանը, Չոբանյան ինստիտուտի ղեկավար Ժան-Վարուժան Սիրապյանը: