Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մինչ տարեվերջ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հանդես կգա չորս համերգներով: Ըստ այդմ, դեկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիկը կներկայացնի բրիտանական երաժշտության համերգ, որի շրջանակներում կներկայացվի հռչակավոր կոմպոզիտոր Գյուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտը:
Երաժշտական կատարմանն առանձնահատուկ շուք կփոխանցի համակարգչային գրաֆիկան /Անդրանիկ Թորոսյան/, որ կպատկերի սյուիտում ներկայացվող յոթ մոլորակները եւ ունկնդիրներին կտեղափոխի տիեզերական աշխարհ: Համերգին կմասնակցի նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյան/: Համերգի ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը: Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:
Դեկտեմբերի 21-ին եւ 25-ին Ամանորին ընդառաջ բազմաթիվ ունկնդիրների խնդրանքով կրկին կներկայացվի Պյոտր Իլյիչ Չայկովսկիի «Շչելկունչիկ» բալետի համերգային կատարումը, որը կուղեկցվի Հոֆմանի հանրահայտ հեքիաթի ընթերցմամբ /Աննա Միքայելյան/ եւ հեքիաթը պատկերող գեղարվեստական նկարների էկրանավորմամբ /նկարիչ եւ ռեժիսոր Սուքիաս Թորոսյան/: Համերգին կմասնակցի «Սպեղանի» մանկական երգչախումբը /գեղարվեստական ղեկավար եւ խբավար Սարինե Ավթանդիլյան/:
Իսկ դեկտեմբերի 24-ին Նվագախումբը կներկայացնի ԳԱԼԱ համերգ` նվիրված ՀՊՖՆ-ի 85-ամյակին: Համերգին որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այս համերգով ՀՊՖՆ-ն կամփոփի Նվագախմբի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:
2011թ. ստեղծագործական տարին Ֆիլհարմոնիկի համար հագեցած էր տոնական եւ յուրահատուկ ծրագրերով. Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ հոբելյանական մեկնարկը նվիրված էր միաժամանակ երկու կարեւորագույն տոների` ՀՀ Անկախության 20-ամյակին եւ Նվագախմբի սկզբնավորման 85-ամյակին: Մեծ պատիվ եւ ուրախություն էր սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ներկայացնել «Հերոսական բալլադը»` բաղկացած հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների 25 հատվածներից:




























