Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր` դեկտեմբերի 14-ին, կազմակերպվել է Հրազդանի երկաթի հանքավայրի հետ կապված բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված մի շարք հարցերի քննարկում: NEWS.am-ին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցերը կապված էին հանքի շահագործման դեպքում ջրային ռեսուրսների եւշրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի հետ:
Հասարակական կազմակերպությունները արտահայտում էին իրենց մտահոգությունը , որ այդ տարածաշրջանում հանքարդյունաբերության առկայությունը կխոչընդոտի էկոտուրիզմի զարգացմանը: Ներկայացվել է, որ արդեն իսկ տարածքի բնակչությունը դժգոհում է կատարվող հորատումների առիթով, որոնք իրականացվում են առանց բնակիչների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու: «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ –ի գլխավոր տնօրեն Ջ. Գորմանը տեղեկացրել է, որ մշակվում է հանքը շահագործելու նոր նախագիծ, ինչը պետք է ներկայացվի բոլոր տեսակի փորձաքննությունների, այդ թվում նաև` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ամփոփելով քննարկումը, հավաստիացրել է, որ երբ ՀՀ բնապահպանության նախարարությունը կստանա համապատասխան շահագործման նախագիծ, օրենսդրությամբ սահմանված կարգով նախագիծը կանցնի փորձաքննություն, որի մասն են կազմում նաեւհանրային իրազեկումը, մասնակցության ապահովումը եւհասարակական լսումները:




























