Ճանաչված մտավորական, պետական, կուսակցական անվանի գործիչ Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյանը: կյանքի 90-րդ տարում վախճանվել է: Նա մահացել է դեկտեմբերի 13-ին, երկարատեւ հիվանդությունից հետո: Թաղման կառավարական հանձնաժողովից NEWS.am-ը տեղեկանում է, որ Լյուդվիգ Ղարիբջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 18.00-ին Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 16-ին ժամը 12.00-14.00-ը, հուղարկավորությունը` ժամը 14.00-ին Երեւանի քաղաքային գերեզմանոցում: Իգդիրեցի հայտնի տոհմի շառավիղ Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922թ. օգոստոսի 24-ին Երեւանում բանվորի ընտանիքում: 1945թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Արդեն ուսանող ժամանակ աչքի է ընկել ակտիվ հասարակական քաղաքական գործունեությամբ. 1942-44թթ. եղել է ԵՊՀ արհկոմի նախագահը, 1944-47թթ. Երեւանի բժշկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղարը: 1947-48թթ. աշխատել է Հայաստանի ԼԿԵՄ Կիրովյան շրջկոմի, իսկ 1948-51թթ.` ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար:
1961-66թթ. նա ՀԿԿ Երքաղկոմի երկրորդ քարտուղարն էր: 1966թ. նա ընտրվում է Հայաստանի կոմկուսի Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար՝ վարելով այդ պաշտոնը մինչեւ 1975թ. 1975-88թթ. Լյուդվիգ Ղարիբջանյանը Հայկական ԽՍՀ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարն էր: Նրա ղեկավարությամբ ու անմիջական մասնակցությամբ հիմնադրվել են մեր հանրապետությունում նորանոր բուհեր, ֆակուլտետներ, տասնյակ նոր մասնագիտություններ, զարգացել է բուհական ու միջնակարգ մասնագիտական հաստատությունների նյութատեխնիկական բազան:
Լյուդվիգ Ղարիբջանյանը ուներ նաեւ դասախոսական աշխատանքի հարուստ փորձ, անցնելով ճանապարհ ԵՊՀ ասիստենտից մինչեւ պրոֆեսոր: Չնայած պատկառելի տարիքին՝ Լյուդվիգ Ղարիբջանյանը ստեղծեց ու երկար տարիներ ղեկավարեց Մոսկվայի ձեռներեցության ակադեմիայի Երեւանի մասնաճյուղը, շարունակելով իր մանկավարժական ու կազմակերպչական բեղմնավոր աշխատանքը: Լյուդվիգ Ղարիբջանյանը 1966-79թթ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, 1955-67թթ. եւ 1980-90թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Նրա ծառայությունները պետության ու ժողովրդի առջեւ գնահատվել են Մովսես Խորենացու մեդալով, Աշխատանքային կարմիր դրոշի 4 շքանշանով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության մի շարք պատվոգրերով:




























