Տեխասցի տղամարդը բարկացած է. նա պնդում է, որ Դալլասի ոստիկանությունն իրեն պասիվ է դրսևորել՝ փոխանակ իրեն օգնելու վերականգնել քաղաքի կենտրոնի ավտոկայանատեղից գողացված Chevy Camaro-ն, գրում է CBS News-ը։

Հիասթափված՝ նա նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքն ու պնդում է, որ ոստիկանությունում իրեն պատվիրել են դիմել այդ քայլին, մինչդեռ դեպարտամենտը վիճարկել է նրա քայլերը:

Համացանցային գովազդներն ուշի-ուշով ուսումնասիրելուց հետո Camaro-ի սեփականատերը գտել է վաճառքի հանված իր ավտոմեքենայի շարժիչը, իսկ հետո՝ նաև անիվները։

Որոշելով վերադարձնել այն՝ նա շարունակել է դիմել ոստիկանություն՝ առցանց տրամադրելով վաճառողի տվյալների մանրամասները։ Նա CBS News-ին հայտնել է, որ երկու անգամ գնացել է ոստիկանական բաժանմունք՝ խուզարկուի հետ գործի վերաբերյալ խոսելու համար։ Սակայն նրան ասել են, որ հեռանա, քանի որ նա «այնպիսի աղմուկ է բարձրացրել», որ խուզարկուները չեն կարողացել նրա հետ խոսել:

Այնուհետև, ըստ Chevy Camaro-ի սեփականատիրոջ՝ իր հետ կապվել են խուզարկուները, որոնք նրան ուղղորդել են հանդիպել իր ապամոնտաժված Camaro-ի վաճառողների հետ: Դալլասի ոստիկանությունը վիճարկում է գողացված ավտոմեքենայի սեփականատիրոջ այս պնդումը:

Ինչևիցե, գողացված ավտոմեքենայի տերն իսկապես գնացել է այնտեղ, որտեղ պահվում էր իր ավտոմեքենան և լուսանկարել այն սրահում, որն, ըստ նրա, գողացված ավտոմեքենաների պահեստամասերի ստորգետնյա ապամոնտաժման և վաճառքի կետ է ծառայել:

Այս ապացույցներով զինված՝ ավտոմեքենաների գողության դեմ պայքարի օպերատիվ խումբը բռնագրավել է տուժածի գողացված Camaro-ն: