Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկ` դեկտեմբերի 14-ի երեկոյան, Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը Վենետիկում պաշտոնական ընթրիքի ժամանակ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասվում է.

«Մեծ ուրախությամբ եմ այս տարի վերստին այցելում Իտալիա, եւ հաճելի է, որ իմ երկու այցերն էլ խորհրդանշում են նշանակալի իրադարձություններ: Հունիսի 2-ին նախագահ Նապոլիտանոյի հրավերով պատիվ ունեցա բազմաթիվ այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել Իտալիայի միավորման 150-ամյա տարեդարձին, իսկ այս այցի առանցքային նպատակներից մեկը 500 տարի առաջ հրաշագեղ Վենետիկում սկիզբ առած հայ գրատպության հոբելյանի առթիվ պաշտոնական հանդիսությունների մեկնարկն է:

Իտալիան բարեկամ երկիր լինելուց բացի, որի հետ մենք շուտով բոլորելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, պատմական բազմաթիվ արահետներ է թողել հայ ժողովրդի տարեգրության մեջ:

Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու եւ հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումների սկիզբն ազդարարելու համար: Պատահական չէ, որ մեր երկրի ու ժողովրդի համար գալիք 2012 թվականի կարեւորագույն միջոցառումների այս շարքի մեկնարկը տրվում է հենց Վենետիկում: Պատահական չէ, քանի որ Վենետիկը հայ գրատպության բնօրրանն է, որտեղ լույս է տեսել հայերեն առաջին տպագիր գիրքը` Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրքը»:

Այսօր այստեղ բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացված են Հայաստանի եւ Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից բերված ավելի քան երկու հարյուր հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշարձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ եւ մեր հարուստ ժառանգության այլ նմուշներ:

Այս ցուցահանդեսի բացման կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր լավ բարեկամ Իտալիայի իշխանություններին` Հայաստանի այս նախաձեռնությանն աջակցելու եւ գործնական մասնակցություն ցուցաբերելու համար: Ուզում եմ անհատապես շնորհակալություն հայտնել Լեւոն Զեքյանին, Գաբրիելա Ուլուհոջյանին եւ Վարդան Կարապետյանին: Շատ շնորհակալ եմ, որ ձեր ջերմությունը դուք դրել եք այս ցուցահանդեսի բացման կազմակերպման մեծ գործում:

Վաղուց` դարեր ի վեր հայերն օտար չեն այս հնամենի եւ հիասքանչ քաղաքում: Այստեղ «հայ» ներկայանալիս` մեզ երբեք չեն հարցնում, թե ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել եւ ինչո՞վ ենք հայտնի: Վենետիկում շատ լավ գիտեն այդ հարցերի պատասխանները: Այս քաղաքում լավատեղյակ են հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի եւ հոգեւոր ժառանգության մասին:

Հայ ժողովրդի այս բարի համբավի տարածման ամենամեծ «պատասխանատուն» է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանգրվանած փոքրիկ Հայաստանը: Սակայն դրանից ոչ պակաս կարեւոր է հայագիտական այս օջախի դերը հայոց լեզվի, մշակույթի եւ պատմության ուսումնասիրման գործում:

Իմ ուսանողական տարիներին Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» հայագիտական հանդեսի հին եւ նոր թողարկումները մեզ համար, կարելի է ասել, մասունքի ուժ ունեին: Այդ էջերում տպագրվում էին թերեւս բոլոր նշանավոր հայագետների աշխատանքները, իսկ նրանք էլ, իրենց հերթին, պատիվ էին համարում իրենց գյուտերը եւ հայտնագործությունները հրապարակել հենց «Բազմավեպում»:

Հայաստանը եւ Իտալիան երկու հնամենի ժողովուրդների շատ ավելի երիտասարդ պետություններ են: Բոլորովին վերջերս Իտալիան տոնեց իր միասնական պետության 150-ամյակը, իսկ մենք էլ` Հայաստանի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Իհարկե, այդ երկու թվերը կարգերի տարբերություն ունեն, սակայն նրանք երկուսն էլ խամրում են մեր պատմության հազարամյակների առջեւ:

Այսօր Հայաստանը եւ Իտալիան կարող են հպարտանալ իրենց ընդհանուր պատմությամբ, հոգեւոր արմատներով ու արժեքներով, ընդհանուր հարուստ ժառանգությամբ:

Այս նշանավոր հոբելյանի` հայոց գրատպության 500-ամյակի տոնակատարություններն սկսվում են Վենետիկում եւ շարունակվելու են Հայաստանում ու հայոց գրատպության այլ կարեւոր օջախներում` Ամստերդամում, Փարիզում, Սոֆիայում, Բուխարեստում եւ աշխարհի այլ քաղաքներում:

Գրատպությունը` որպես գիտելիքի սփռման ու տարածման նոր ձեւ, որի շնորհիվ իմացությունը հասու դարձավ մարդկանց ավելի լայն շրջանակի համար, զուտ եվրոպական երեւույթ էր: Սակայն Եվրոպայից այն արդեն տարածում գտավ ամբողջ աշխարհում` նպաստելով ամբողջ մարդկության լուսավորությանը:

Հայոց գրատպության եւ դրանից բխող լուսավորչական գործունեության ակունքները եւս եվրոպական են: Դա դեպի Եվրոպա մեր ձգտումների լավագույն հիմնավորումն ու ապացույցն է, եթե այդպիսի ապացույցների անհրաժեշտությունը կա: Սակայն, կարծում եմ, դրա մասին խոսելն իսկ ավելորդ է:

Յոհաննես Գուտենբերգի կողմից տպագրական սարքը հայտնագործվելուց հետո մեր` հայերիս մեջ դրա տարածումը շատ չուշացավ: Հայ ժողովուրդն առաջինն էր մեր տարածաշրջանում, որ տպագիր գիրք ունեցավ: Մոտավոր եւ հեռավոր բազմաթիվ մեր հարեւաններին մենք հաճախ զիջում էինք քանակով, տարածքով ու բնական պաշարներով, սակայն երբեք չենք զիջել մեր առաջադիմությամբ եւ գրագիտությամբ:

Հայ ժողովուրդն աշխարհասփյուռ է: Ամեն տեղ, ուր հանգրվանել է հայը, հիմնել է դպրոց, եկեղեցի, մշակութային հաստատություն: Յուրաքանչյուր ժողովուրդ, որ առնչվել է հայերի հետ, հնարավորություն է ունեցել շահելու այդ առնչությունից:

Այսօր մենք պարտավոր ենք համապատասխանել այն բարձր չափանիշներին, որոնք ժամանակին մեր ժողովրդի համար սահմանեցին տպագրիչներ Հակոբ Մեղապարտն ու Ոսկան Երեւանցին: Մենք իրավունք չունենք շեղվելու այդ բարձր նպատակադրումներից: Ինչպես Հակոբ Մեղապարտը յուրացրեց իր ժամանակի լավագույն եւ ամենաառաջադեմ հայտնագործությունը` ի նպաստ հայ ժողովրդի, այդպես էլ մենք ենք պարտավոր վերցնել մեր օրերի լավագույնն ու առաջադեմը` դրանով իսկ ծառայելով ամբողջ մարդկությանը:

Մենք գիտենք մեր պատմությունից` լավ օրինակը վարակիչ է: Ինչպես գրատպության եւ բազմաթիվ այլ օրինակներն են ցույց տալիս, հայ ժողովուրդը եղել է ճանապարհ հարթող ու լուսավորող եւ առաջադիմության շոգեքարշ:

Մենք այդ ուղուց չենք շեղվելու:

Մենք հպարտանում ենք Իտալիայի հետ մեր պատմական առնչություններով եւ անկախության 20 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողություններով: Միաժամանակ, մեր ցանկությունն է, որ հայ-իտալական համագործակցությունը հետագայում շատ ավելի փառահեղ էջեր արձանագրի:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի իմ գործընկերոջը` Նախագահ Նապոլիտանոյին, Վենետիկի «Կոռեր» թանգարանում, Հնագիտական ազգային թանգարանում եւ Սուրբ Մարկոսի ազգային գրադարանում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի համատեղ հովանավորությունն ստանձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Վենետիկի քաղաքապետարանին եւ Իտալիայի մշակույթի բոլոր այն պատասխանատուներին, ովքեր իրենց նպաստը բերեցին ցուցահանդեսի հաջողությանը:

Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը` Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Սիրով հրավիրում ենք ինչպես Վենետիկին, այնպես էլ Իտալիայի մյուս քաղաքներին, նահանգներին, բոլոր ներկաներին` մասնակցելու այդ շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում մենք այդ տոնը տոնելու ենք հպարտությամբ եւ արժանապատվորեն»: