Ամանորի նախօրեին սոցիալապես անապահով ընտանիքներին կտրվի 3-ական շիշ արեւածաղկի ձեթ: Այսօր` դեկտեմբերի 15-ին, նման որոշում ընդունեց Հայաստանի կառավարությունը:

Օգնություն կստանան 116 հազ. ընտանիքներ, որոնք 2011 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, եւ ունեն անապահովության «0» միավորից բարձր միավոր:

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց, որ ձեթը տրվելու է պետական պահուստներից, որոնք ձեւավորվել են 2009 թ. Ռուսաստանի հումանատիր օգնությունից:

Նշենք, որ Ռուսաստանի կողմից որպես հումանիտար օգնություն ստացվել էր 1 մլն 87 հազ. շիշ ձեթ, իսկ կառավարությունը որպես օգնություն կբաժանի 348 հազարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ նմանատիպ սոցիալական օգնությունները կլինեն շարունակական: