Փոքրիկ առևտրի տաղավարի հայտնվելով Երևանի Անդրանիկի փողոցի հարևան շենքերի բնակիչները թեթևացած շունչ են քաշել: Ընդամենը մի երկու տարի առաջ տաղավարի տեղում մի ժանգոտ կրպակ կար, որի տակ առնետներ էին թաքնվում։ Երեկոյան ժամերին շենքերին մոտենալու ճանապարհ մութ էր և բավականին վտանգավոր, հատկապես ձմռան երեկոներին։ Այժմ տարածքը լուսավորված է, միշտ մարդաշատ, իսկ տոների նախաշեմին տաղավարը զարդարվում է լույսերով ու դրասնագներով։ Այստեղ միշտ մաքուր է, սպասարկումը միշտ բարեհամբույր է և ժպիտով։ Սա մանուկների սիրելի վայրն է։

Տաղավարը հարմարավետորեն տեղակայված է բակի անկյունում և ոչ մեկին չի խանգարում՝ ի տարբերություն բազմաթիվ կառույցների, որոնք փակում են փողոց տանող ճանապարհը հենց քանդված սիզամարգերի տեղում։

Սակայն վերջերս տաղավարի սեփականատերերը լուրջ խնդիրներ են բախվել, ընդհուպ՝ քանդման վտանգի։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բացահայտվեց ոլորտի պատասխանատու կառույցների պահանջների տարօրինակությունը։

«Երկու տարի է՝ ամեն ամիս բոլոր վճարումները ճշտապահորեն կատարվում են։ Ալկոհոլի, ծխախոտի վաճառքի լիցենզիաներ կան»,-պատմում է տաղավարի սեփականատերը։

Ըստ նրա՝ որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետարանն անսպասելիորեն որոշել է տուգանել մարդկանց՝ վճարումներ չկատարելու համար։ Ավելին, պահանջների էությունը լիովին հստակ չէ։

Վճարումները կատարվում են թաղապետարանին։ Այսինքն՝ թաղային իշխանությունից տեղեկություն չի հասնում քաղաքային իշխանությանը։ Սակայն թաղապետարանը վճարումների մասին տեղեկանք չի տալիս։ Ստացվում է, որ հանրային շահ բերող փոքր բիզնեսը (շենքերին լուսավոր և անվտանգ ճանապարհ), որի աջակցության մասին մշտապես հայտարարում է կառավարությունը, պաշտոնյաների կամայականությունների պատճառով կանգնած է փակման վտանգի առաջ։ Ստացվում է, որ պետությունը խրախուսում է փոքր բիզնեսը, բայց պաշտոնյաները տեղերում խոչընդոտում են։

«Աշխատում ենք բացառապես իրավական դաշտում։ Որոշման հետ կտրականապես համաձայն չենք»,-ասում է տաղավարի սեփականատերը, նա դիմել է դատարան, նրա հայցադիմումն ընդունվել է։

Ընդսմին, մինչ հայցը քննվում է դատարանում, որոշ առանձնահատուկ նախանձախնդիր պաշտոնյաներ փորձում են ճնշումներ գործադրել՝ սպառնալով պարզապես քանդել տաղավարը, իսկ այժմ էլ ինչ-ինչ բողոքներ են վկայակոչում։

Մնում է հասկանալ, թե ուր են կորել ազնվորեն վճարված գումարները։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը փորձում է այս կերպ լռեցնել փողի անհետացումը, կամ աչքը դրել է արդեն իսկ հաջողություն վայելող բիզնեսի վրա:

Հարևաններն իրենց հերթին ստորագրահավաք են սկսել երեխաների սիրելի տաղավարին աջակցելու համար։