Ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գեւորիկ Պողոսյանի ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էլեն Գրիգորյանի որակազրկման որոշումը վերջնական չէ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է դոպինգ ստուգման Ա նմուշի արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի երկու ծանրորդները որակազրկվել են մինչեւ 2015 թվականը, սակայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն այսօր, դեկտեմբերի 15-ին կայացած ասուլիսում հայտարարեց, որ բողոքարկման եւ անալիզի Բ նշումի արդյունքները դեռ չեն հրապարակվել եւ մեր ծանրորդները «ոչ բռնված են, ոչ էլ բռնված չեն»:

Արդյունքը պետք է հայտնի դառնար դեկտեմբերի 10-ին, սակայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հեռախոսազանգին ի պատասխան` միջազգային ֆեդերացիայում ասել են, որ մեր մարզիկների Բ նմուշների ստուգման հերթը դեռ չի հասել: Նշենք, որ Միջազգային ֆեդերացիայի կայքում դեռ տեղադրված է նախկին հրապարակումը:

Ամփոփելով դոպինգի թեման` Սամվել Խաչատրյանը նշեց. «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պայմանագիր ունի ՄՕԿ-ի Հակադոպինգային գործակալության` ՎԱԴԱ-ի հետ: 40 օրը մեկ մենք Քյոլնի լաբորատորիա ենք ուղարկում մեր մարզիկների անալիզը: Մրցումներից 10 օր առաջ միջազգային ֆեդերացիան դարձյալ անալիզ է վերցնում: Եթե ինչ-ոչ բան եղել է, ապա այդ 10 օրերի ընթացքում է եղել»:

Սամվել Խաչատրյանը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չի համարում կոռումպացված կազմակերպություն, սակայն մրցավարների կողմից եւ դոպինգ ստուգման կազմակերպման ընթացակարգերում երբեմն կողմնակալություն նկատվում է: