Դեկտեմբերի 14-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը դեկտեմբերի 14-ին, հանդիպել է Չեխիայի Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի (Milan Štĕch) հետ եւ քննարկել հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միլան Շտեխը Տիգրան Սեյրանյանին շնորհավորել է Չեխիայում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:
Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հանդիպմանը Հայաստանի դեսպանը զրուցակցին տեղեկացրել է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:
Չեխիայի Սենատում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ է անցկացրել նաեւ սենատորներ Յարոմիր Շտետինայի, Պետր Բրատսկու եւ Յան Հորնիկի հետ:




























