Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն առաջիկա 2-3 տարում չի կարողանա մասնակցել մրցումների: Այդ մասին ասուլիսում հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նրա խոսքով, բժիշկներն արգելել են Նազիկ Ավդալյանին 1-2 տարի ծանրություն բարձրացնել: «Առաջիկա 1-2 տարում նա իրավունք չունի կպնել ծանրաձողին»,- նշեց  Խաչատրյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան առաջարկել է Նազիկ Ավդալյանին զբաղվել մարզչական աշխատանքով, սակայն վերջնական որոշումը մարզուհունն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Նազիկ Ավդալյանը հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ մարզադպրոց է բացվելու Վանաձորում:

Նազիկ Ավդալյանը այս տարվա ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային  շոկով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին: