Հնդկաստանում, դեկտեմբերի 10-ին` ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը, հնդկահայ համայնքը եւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ հանդիսությամբ տոնել են Ղարաբաղի անկախության 20-ամյակը, որը կրում էր «Ղարաբաղ, ես քեզ սիրում եմ» խորագիրը:
Բեմահարթակում Մարդասիրականի սաները Արցախի հանդեպ ունեցած իրենց սերն են արտահայտել հայրենասիրական մի շարք ստեղծագործություններով: Նըրանք ասմունքել են Գուրգեն Գաբրիելյանի «Ղարաբաղ», «Իմ Ղարաբաղ», Սիլվա Կապուտիկյանի «Ղարաբաղի բարբառը», «Հայոց բարդին» եւ այլ բանաստեղծություններ` նվիրված Արցախին, երգչախումբն էլ ներկայացրել է Կոմիտասի «Առավոտ լուսաբեր» Ս. Սահակյանի «Գետաշեն», Ա. Հեքիմյանի «Ղարաբաղցին», Ռ. Ամիրխանյանի «Երկիր հայրենի», Ա. Սմբատյանի «Հայաստան» եւ հայրենասիրական այլ երգեր, պարախումբն էլ Ա. Գեւորգյանի «Արցախ» երաժշտության ներքո պարեց հաղթական մի պար:
Ձեռնարկն ավարտվել է հնդկահայոց հոգեւոր հովիվ, հայոց մարդասիրական ճեմա-րանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Հայր Սուրբը շնորհավորել է ներկաներին Արցախի անկախության առիթով եւ համայն հայության համար շատ թանկ համարելով Արցախի անկախությունը` ի մասնավորի ասել է. «Ղարաբաղի ազատագրումը եւ անկախության հռչակումը բացառիկ պատմական կարեւորություն եւ նշանակություն ունի աշխարհասփյուռ հայության համար: Ցեղասպանություն ապրած եւ հայրենազրկված ժողովրդի միջից Ղարաբաղյան հաղթանակով պարտվողի եւ կորցնողի կարծրատիպը մեկընդմիշտ ջնջվեց: Մեր մեջ բույն դրած նահատակ հայի կերպարը խորտակվեց, եւ փարոսի նման հառնեց հաղթող, պահանջատեր հայը` Միացյալ Հայաստանի տեսլականով: Տակավին վաղ է հաղթանակի գինով արբենալ: Մութ ամպերը ամբողջությամբ դեռ չեն հեռացել հայրենի մեր երկնակամարից: Արյան գնով պատերազմում ձեռք բերած հաղթանակը պետք է ամրագրել քրտնքի` տնտեսական պատերազմում, որը պարտք ու պարտավորություն է յուրաքանչյուր հայի համար»:
Օրվա առիթով Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչությունը կազմակերպել էր տոնական հյուրասիրություն:




























