Իրանի մշակույթի և իսլամական կրթության նախարարության արտասահմանյան լրատվամիջոցների գլխավոր վարչությունը հայտնել է, որ իտալացի լրագրող Սեսիլիա Սալան ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու համար: Դրա մասին հայտնել է IRNA-ն։

Երկուշաբթի տարածված հայտարարության մեջ մշակույթի և իսլամական կրթության նախարարության արտասահմանյան լրատվամիջոցների գլխավոր վարչությունը հաստատել է, որ Իրանի մշակույթի և իսլամական կրթության նախարարության քաղաքականությունը մշտապես խրախուսել է տարբեր միջազգային լրատվամիջոցների լրագրողների ուղևորություններն ու օրինական գործունեությունը:

«Նախարարությունը հավատարիմ է երկրում օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայության մեծացմանը և նրանց օրինական իրավունքների պաշտպանությանը, քաղաքականություն, որն ակտիվորեն վարում է 14-րդ կառավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունից հայտնել են, որ Իտալիայի քաղաքացի Սեսիլիա Սալան Իրան է ժամանել լրագրողի վիզայով 2024 թվականի դեկտեմբերի 13-ին, սակայն ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու մեղադրանքով։ Հայտարարության մեջ նշվում է, որ նրա գործն այժմ նախաքննության փուլում է։ Նշվում է նաև, որ լրագրողը ձերբակալվել է ըստ համապատասխան կանոնների։

Գերատեսչությունից ընդգծել են նաև, որ Թեհրանում Իտալիայի դեսպանատունը տեղեկացվել է, և այս ընթացքում լրագրողին հյուպատոսական հնարավորություն է տրվել, և նա հեռախոսով կապի մեջ է ընտանիքի հետ:

Ավելի վաղ իտալական եւ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Իտալիայի ԱԳՆ-ին, հայտնել էին Թեհրանում իտալացի լրագրող Սեսիլիա Սալայի ձերբակալության մասին։