Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 15-ին, այցելել է Վենետիկի քաղաքապետարան եւ ներկա գտնվել Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին:

Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, Վենետիկը եւ Երեւանը քույր քաղաքներ հռչակելու գործում ցուցաբերած պատրաստակամության եւ ջերմ ընդունելության համար: Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքները պատմական եւ մշակութային հարուստ անցյալ ունեն եւ համագործակցության լավ ապագա: Նա վստահություն է հայտնել, որ քույր քաղաքների միջեւ փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի՝ ներառելով համաձայնագրում նշված բոլոր ոլորտները: Տարոն Մարգարյանը Վենետիկի քաղաքապետին հրավիրել է Երեւան՝ 2012 թվականի ապրիլի 23-ին մասնակցելու Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին, իսկ հոկտեմբերին՝ իր գլխավորած պատվիրակությամբ ներկա գտնվելու Երեւանի 2794-րդ տարեդարձին:

Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին նշել է, որ Վենետիկը մեծագույն հաճույքով է քույրացման համաձայնագիր կնքում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հետ: Նրա խոսքով, այս փաստաթղթի ստորագրումը երկու երկրների հասարակությունների համար կարեւորագույն իրադարձություն է, որ նշանավորում է մի նոր հարթություն՝ Վենետիկը հայ ժողովրդին կապող ավելի քան 16 դար ձգվող ճանապարհին: Քաղաքապետ Օրսոնին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները պատմության ընթացքում ամրապնդվել ու հարստացվել են նորանոր ձեռքբերումներով ոչ միայն Վենետիկի եւ Մխիթարյան միաբանության, այլ նաեւ Վենետիկի եւ հայկական պետության ու աշխարհով մեկ սփռված ստվար եւ գործուն հայկական համայնքի միջեւ: Քաղաքապետի խոսքով, հայ ժողովուրդը Վենետիկի պատմության մի մասն է՝ սկսած ակունքներից եւ մշտապես նպաստել է քաղաքի տնտեսական, մշակութային ու հոգեւոր զարգացմանը:

Ջորջո Օրսոնին հատկանշական է համարել, որ նախորդ օրը քաղաքային խորհուրդը երկու քաղաքների քույրացման համաձայնագրի կնքման շուրջ քննարկումների ժամանակ զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ այս տասնամյակների ընթացքում Վենետիկը հայ ժողովրդի մայրաքաղաքի հետ քույրացման համաձայնագիր չի կնքել:

Համաձայնագրի ստորագրումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Երեւանի եւ Վենետիկի քաղաքապետներին, նաեւ շնորհակալություն հայտնել Վենետիկի քաղաքային խորհրդին՝ փաստաթղթի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը նման ձեւով ընդգծելու համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա եւս մեկ անգամ փաստում է, որ երկու ժողովուրդները միմյանց համար օտար չեն, եւ պետք է շարունակել դարերի պատմություն ունեցող մեր նախնիներից ժառանգած բարեկամական հարաբերությունները՝ դրանք հասցնելով ավելի բարձր մակարդակի: 

Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն եւ Վատիկան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երեւան: