Գերմանիայի բնակիչների կեսից ավելին կողմ է Ռուսաստանի հետ զինադադարի դեպքում Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու գաղափարին։ Այսպիսին են YouGov սոցիոլոգիական ծառայության դեկտեմբերի 20-23-ն անցկացրած ներկայացուցչական հարցման արդյունքները, հայտնում է dpa գործակալությունը։

Թեև հարցվածների 56 տոկոսը կողմ է խաղաղապահներ ուղարկելուն, միայն 23 տոկոսն է ցանկանում գերմանացի զինվորականներ տեսնել նրանց մեջ, իսկ հարցվածների մեկ երրորդը (33%) դեմ է Բունդեսվերի մասնակցությանը։ Հարցման ենթարկվված Գերմանիայի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը (19%) հիմնականում դեմ է Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելուն։ Յուրաքանչյուր չորրորդ մարդ այս հարցում որոշակի կարծիք չունի։

ՆԱՏՕ-ն այժմ քննարկում է, թե ինչպես ապահովել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարը։ Սակայն ներկայում որևէ նախանշան չկա, որ ռազմական գործողությունները կարող են շուտով ավարտվել:

Այս կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել խաղաղապահ ուժերի մասին հանրային քննարկումներին։ Սուրբ Ծննդից առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նույնպես հայտարարել է, որ խաղաղապահների հարցը կառաջանա միայն այն ժամանակ, երբ որոշվեն զինադադարի պարամետրերը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Գերմանիան, «լինելով ՆԱՏՕ-ի ամենամեծ անդամը Եվրոպայում և մայրցամաքի առաջատար տնտեսությունը, չի կարողանա անտարբեր մնալ», գրում է Deutsche Welle պարբերականը։