Եվրամիությունը, անօրինական ներգաղթյալների արտաքսումն արագացնելու նպատակով, հնարավոր է՝ մարտին այսպես կոչված «վերադարձի կենտրոններ» ստեղծելու առաջարկ ներկայացնի, հինգշաբթի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը: Դրա մասին հայտնել է Reuters-ը։
Քրիսթերսոնը հնարավոր ժամանակացույցը շարադրել է Վիեննայում Ավստրիայի կանցլեր պահպանողական գործընկեր Կարլ Նեհամերի հետ հանդիպման ժամանակ, որտեղ երկուսն էլ Եվրամիությանը հորդորել են ակտիվացնել անօրինական ներգաղթի դեմ պայքարի ջանքերը:
Քրիսթերսոնն ընդգծել է, որ ինքը սխեման քննարկել է ավստրիացի ներգաղթային հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ, որը վստահեցրել է, որ առաջարկը կհասնի այս գարնանը: «Այժմ որոշակի թափ կա», - նշել է Քրիստենսսոնը:
Նեհամերը գովաբանել է Քրիստերսսոնին ներգաղթը ԵՄ օրակարգում պահելու համար և ասել, որ ներկայում Եվրոպայի շենգենյան ազատ տեղաշարժի գոտում կա 18 երկիր, ներառյալ Շվեյցարիան և Նորվեգիան, որոնց շահերը համընկնում են ներգաղթյալների հոսքերը զսպելու հարցում:
Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ շահագրգիռ կառավարություններին հաջողվել է «ամբողջությամբ փոխել» ներգաղթի վերաբերյալ բանավեճը, քանի որ ԵՄ-ի հետ արտաքին սահմաններ չունեցող երկրները, ինչպիսին Ավստրիան է, այժմ ավելի ակտիվորեն են ներգրավված խնդրի լուծման գործում:
«Մենք հնարավորություն կունենանք առաջընթաց գրանցելու, միայն երբ կգիտակցենք, որ խնդիրը պետք է լուծվի միահամուռ ուժերով»,- շեշտել է Նեհամերը:
Ամբողջ Եվրոպայում կոշտ և ծայրահեղ աջ կուսակցությունների աջակցության աճը ներգաղթի հարցը դրել է քաղաքական օրակարգի առաջին տեղում: Հոկտեմբերին ԵՄ առաջնորդները հայտարարեցին, որ քննարկում են մի սխեմա, ըստ որի դաշինքում մնալու իրավունք չունեցող ներգաղթյալները կարող են ուղարկվել ԵՄ-ից դուրս անվտանգ համարվող երկրների կենտրոններ:





























