Համաշխարհային անկայուն քաղաքական լանդշաֆտի և խորապես փոփոխվող միջազգային առևտրային միջավայրի պայմաններում Չինաստանի և Ռուսաստանի միջև գործնական առևտրատնտեսական համագործակցությունը շարունակել է զարգանալ անցած 2024 թվականին՝ զգալի ներդրում ունենալով երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման գործում, գրում է Xinhua-ն։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչության տվյալների համաձայն, 2024 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Չինաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2,1 տոկոսով տարեկան կտրվածքով և կազմել 222,77 մլրդ ԱՄՆ դոլար։
Մասնավորապես, Չինաստանն արտահանել է 104,2 մլրդ դոլարի ապրանքներ՝ 4 տոկոսի աճով 2023 թվականի համեմատ և Ռուսաստանից ներմուծել է 118,58 մլրդ դոլարի ապրանք՝ 0,4 տոկոս աճով։
Վիճակագրության համաձայն, Չինաստան ռուսաստանյան արտահանման հիմնական մասը բաժին է հասնում էներգետիկ ռեսուրսներին՝ նավթին, բնական գազին և ածխին: Ռուսաստանից Չինաստան մատակարարման մյուս կարևոր ուղղություններն են՝ մետաղներ, փայտ, ծովամթերք և գյուղմթերք: Չինաստանն իր հերթին Ռուսաստան է արտահանում մեքենաներ, տրակտորներ, համակարգիչներ, սմարթֆոններ, արդյունաբերական և մասնագիտացված սարքավորումներ, խաղալիքներ, կոշկեղեն և օդորակիչներ։
Դեկտեմբերի 10-ին պաշտոնապես ուղևորափոխադրում է գործարկվել չինական Հեյհեի (Հեյլունցզյան նահանգ, Հյուսիսարևելյան Չինաստան) ավտոմոբիլային անցակետի և Կանի-Կուրգան ռուսաստանյան ավտոմոբիլային անցակետի միջև։ Ծառայությունը կազմակերպվում է ավտոբուսներով Չինաստանի Հեյհե քաղաքի ավտոկայանի և Բլագովեշչենսկի «Ամուրասո» միջազգային ավտոկայանի միջև սահմանային կամրջով:
Վստահաբար կարելի է պնդել, որ համատեղ ջանքերի շնորհիվ «Գոտի, ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում չին-ռուսական համագործակցության նոր արդյունքներն էլ ավելի մեծ օգուտներ կբերեն երկու երկրներին և նրանց ժողովուրդներին։





























