Մախաչկալայում սպանվել է հայտնի լրագրող, դաղստանյան «Չերնովիկ» թերթի հիմնադիր, «Խոսքի ազատություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Հաջիմուրադ Քամալովը:

Հանցագործության մասին տեղեկատվությունը ստացվել է մոտավորապես կեսգիշերին:

Ինչպես հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում, նրան կրակել են իր հիմնադրած թերթի գրասենյակի մոտակայքում: Հանցագործը մի քանի անգամ կրակել է լրագրողի վրա: Ստացված վնասվածքներից Հ. Քամալովը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայրում հետաքննական խումբ է աշխատում: Միջադեպի հանգամանքները պարզվում են, նշում է rbc-ն:

Հասարակական-քաղաքական «Չերնովիկ» շաբաթաթերթը տպագրվում է 2003թ. օգոստոսի 19-ից, Հաջիմուրադ Քամալովը դրա գլխավոր խմբագիրն է եղել 2005-2006թթ.: «Չերնովիկ»-ը հայտնի է իշխանությունների հասցեին քննադատական հոդվածներով, նրա լրագրողները բազմիցս դատական պատասխանատվության են ենթարկվել եւ տարբեր հարձակումների ու սադրանքների զոհ դարձել: