Ջիմի Քարթերի հրապարակային երկար հրաժեշտը սկսվել է շաբաթ օրը Հարավային Ջորջիայում, որտեղ ավելի քան 100 տարի առաջ իր կյանքը սկսել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը: Քարթերի դրոշով ծածկված դագաղը տանող շարասյունն անցնում է է նրա հայրենի Փլեյնս քաղաքով եւ նրա մանկության տան կողքով՝ դեպի Ատլանտա տանող ճանապարհին, գրել է Associated Press-ը։
Թափորը երթն սկսել է Ամերիկուսի Ֆիբի Սամթեր բժշկական կենտրոնում, որտեղ Գաղտնի ծառայության նախկին գործակալները, ովքեր հսկում էին հանգուցյալ նախագահին, տարել են նրա դագաղը: Քարթերի ընտանիքը, ներառյալ նախկին նախագահի չորս երեխաները, բազմաթիվ թոռներն ու ծոռները, կուղեկցեն նրան վեցօրյա պետական հուղարկավորության ժամանակ։
Հուղարկավորության թափորը կանգ կառնի Քարթերի տան դիմաց՝ Փլեյնսի մոտ գտնվող նրա ընտանեկան ֆերմայում: Ազգային այգիների ծառայությունը 39 անգամ կհնչեցնի հին ֆերմայի զանգը՝ նրան պատվելու որպես 39-րդ նախագահի: Քարթերի աճյունն այնուհետեւ կուղարկվի Ատլանտա, որտեղ նրան կհարգեն մեկ րոպե լռությամբ Ջորջիայի Կապիտոլիումի առջեւ, եւ կհետեւի արարողություն Քարթերի նախագահական կենտրոնում:
Այնտեղ նա կպահվի մինչեւ երեքշաբթի առավոտ, երբ նրան կտեղափոխեն Վաշինգտոն՝ հանդիսավոր կերպով հուղարկավորելու ԱՄՆ Կապիտոլիումում։ Նրա պետական հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին, Վաշինգտոնի ազգային Մայր տաճարում, որից հետո նա կվերադառնա Փլեյնս՝ Մարանաթա բապտիստական եկեղեցու հրավերով, հուղարկավորության համար: Նրան կթաղեն իր տան մոտ՝ Ռոզալին Քարթերի կողքին։





























