Վենեսուելացի հայտնի ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսը, որն առավել հայտնի է Կառլոս Շակալ անունով, դատապարտվել է ցմահ բանտարկության եւ ներում հայցող դիմում կարող է ներկայացնել միայն 18 տարի անց: Դատավճիռը կայացրել է ֆրանսիական դատարանը: Ռամիրեսն այժմ 62 տարեկան է:

Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ Կառլոս Շակալը մեղավոր է ճանաչվել Ֆրանսիայում չորս անգամ ահաբեկչություն կազմակերպելու մեջ, որոնց արդյունքում 11 մարդ զոհվել է, գրեթե 150-ը` վիրավորվել: 1997թ. ֆրանսիական դատարանը Կառլոս Շակալին  արդեն դատապարտել էր ցմահ բանտարկության` երեք մարդու սպանության մեղադրանքով, որոնցից երկուսը` ոստիկան:

Հայտնի է, որ Սանչեսը համագործակցել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հետ: Նա մահմեդականություն է ընդունել եւ երկար  տարիներ ապրել է արաբական երկրներում: Սակայն Սուդանի իշխանությունները 1994թ.  նրան հանձնել են Ֆրանսիային:

Կառլոս Շակալը, որը հավաստիացնում է, որ պայքարում է իմպերիալիզմի դեմ, հարցազրույցում խոստովանել է, որ իր կազմակերպած ահաբեկչությունների ընթացքում 1,5-2 հազար մարդ է զոհվել: Սանչեսի կազմակերպած ամենահայտնի ահաբեկչությունը Վիեննայում 1975թ. ՕՊԵԿ-ի շտաբում 42 մարդու պատանդ վերցնելն է: