Սլովակիան կշարունակի էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինա։ Այս մասին չեխական CTK տեղեկատվական գործակալությանը տեղեկացրել է Սլովակիայի SEPS էլեկտրական համակարգերի պետական օպերատորը։ Ընկերությունում հայտնել են, որ մտադիր են հետեւել ավելի վաղ «Ուկրէներգոյի» հետ կնքած պայմանագրի պայմաններին։

Սլովակիայից մատակարարվող էլեկտրականությունը Կիեւն օգտագործում է էլեկտրամատակարարման խափանումները ծածկելու համար, որոնք պայմանավորված են Ռուսաստանի բանակի գրոհներով, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել էր, որ իր երկիրը, «եթե պետք լինի», պատրաստ կլինի 2025թ. հունվարի 1-ից դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումներն Ուկրաինա։

Բացի այդ, նա համապատասխան նամակ էր ուղարկել Եվրամիության ղեկավարությանը։

Ֆիցոյի արտահայտությունը պայմանավորված էր նրանով, որ Կիեւը չէր երկարացրել «Գազպրոմի» հետ Ուկրաինայով ռուսական գազի տարանցման համաձայնագիրը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ի պատասխան հայտնել է, որ Ռոբերտ Ֆիցոն կարող է «երկրորդ էներգետիկ ճակատը բացել Ուկրաինայի դեմ ի հաշիվ Սլովակիայի ժողովրդի շահերի», Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։

«Միայն դա կարող են նշանակել Ֆիցոյի սպառնալիքները ձմռանը Ուկրաինային էլեկտրականություն չմատակարարելու վերաբերյալ, մեր էլեկտրակայաններին հասցվող ռուսական հարվածների պայմաններում»,- գրել է նա սոցցանցերում։

Հինգշաբթի, հունվարի 2-ին, Ռոբերտ Ֆիցոն սպառնացել էր նվազեցնել ուկրաինացի փախստականների աջակցությունը ռուսական գազի պատճառով տարաձայնության ֆոնին։ Դեկտեմբերի 22-ին, տարանցման դադարեցման նախաշեմին, Ֆիցոն այցելել էր Մոսկվա եւ քննարկել գազի մատակարարումները Վլադիմիր Պուտինի հետ։