ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա ընտանիքը տասնյակ հազարավոր դոլարների նվերներ են ստացել 2023թ. օտարերկրյա առաջնորդներից, վկայում է ամենամյա հաշվետվությունը, որը հրապարակել է պետդեպարտամենտը, իսկ առաջին տիկին Ջիլ Բայդենը ստացել է ամենաթանկ նվերը՝ 20 000 դոլար արժողությամբ ադամանդ Հնդկաստանի ղեկավարից, տեղեկացրել է CNN-ը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի նվիրած 7,5 կարատանոց ադամանդը, թերեւս, ամենաթանկ նվերն էր, որը տրվել է առաջին ընտանիքի որեւէ անդամի 2023թ., չնայած Ջիլ Բայդենը ստացել է նաեւ 14 063 դոլար արժողությամբ ճարմանդ Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանից եւ ապարանջան, ճարմանդ եւ ֆոտոալբոմ՝ 4 510 դոլար արժողությամբ, Եգիպտոսի նախագահից եւ առաջին տիկնոջից։
Նախագահ Բայդենը եւս մի շարք թանկարժեք նվերներ է ստացել, այդ թվում՝ 7 100 դոլար արժողությամբ հուշալբոմ Հարավային Կորեայի վերջերս պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլից, Մոնղոլիայի վարչապետի նվիրած 3 495 դոլար արժողությամբ մոնղոլ ռազմի արձանիկը, արծաթե թաս 3 300 դոլար արժողությամբ Բրունեյի սուլթանից, 3 160 դոլար արժողությամբ արծաթյա սկուտեղ Իսրայելի նախագահից եւ 2 400 դոլար արժողությամբ կոլաժ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։
Դաշնային օրենքը գործադիր իշխանության պաշտոնյաներից պահանջում է հայտարարագրել օտարերկրյա առաջնորդներից եւ գործընկերներից ստացած նվերները, որոնց արժեքը գնահատվում է 480 ԱՄՆ դոլարից ավելի: Այս չափանիշին համապատասխանող նվերներից շատերը համեմատաբար համեստ են, իսկ ավելի թանկ նվերները սովորաբար, բայց ոչ միշտ, հանձնվում են Ազգային արխիվին կամ ցուցադրվում են պաշտոնական ցուցադրություններում:
20 հազար դոլար արժողությամբ ադամանդը պաշտոնական օգտագործման համար պահվել է Սպիտակ տան արեւելյան թեւում, մինչդեռ նախագահի եւ առաջին տիկնոջ այլ նվերներ արխիվացվել են, վկայում է պետդեպարտամենտի փաստաթուղթը:
Ջիլ Բայդենի մամուլի քարտուղար Վանեսա Վալդիվիան ասել է, որ ադամանդը արխիվացվելու է այն բանից հետո, երբ Բայդենները լքեն Սպիտակ տունը:
Նվերներ ստացողները նաեւ հնարավորություն ունեն գնելու ԱՄՆ կառավարության նվերը շուկայական արժեքով, թեեւ դա հազվադեպ է պատահում, հատկապես թանկարժեք իրերի դեպքում:
Պետդեպարտամենտի Արձանագրությունների վարչության (որը կազմում է ուրբաթ հրապարակվող Դաշնային ցուցակը) տվյալներով՝ ԿՀՎ մի քանի աշխատակիցներ տեղեկացրել են շքեղ նվերներ ստանալու մասին՝ ժամացույցներ, օծանելիք եւ զարդեր, որոնք գրեթե բոլորը ոչնչացվել են։ Ոչնչացված նվերների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 132 հազար դոլար։





























