2010 թվականին հուլիսի վերջին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած Արտակ Նազարյանի գործով գրվել եւ դրվել են կեղծ փաստաթղթեր: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց  այս գործով զբաղվող իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:  Նրա խոսքով, արդեն չորս հայտարարություն է ուղարկել գլխավոր դատախազին, որոնք կամ պետք է մերժվեին կամ քրեական գործ հարուցվեր ներկայացված փաստերի առթիվ: «Սակայն դատախազը գնացել է երրորդ ճանպարհով. մեր հայտարությունները հանցագործության մասով ուղարկել է դատարան, այն դեպքում, երբ դատարանը իրավասու չէ քրեական գործ հարուցել»,- նշեց Ռուբեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ գործով մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանում խոչընդոտում է օբյեկտիվ քննությանը:

Նրա փոխանցմամբ, սպանության հետ կապված բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել դեպքից վեց-յոթ ժամ առաջ, ինչի մասին վկայում է նաեւ դատաբժշկի եզրակացությունը:

«Վեց ժամ առաջ Արտակ Նազարյանին դաժանորեն ծեծել եւ խոշտանգել են: Նա խմող չէր, բայց սպանությունից 1-1,5 ժամ առաջ բռնությամբ ստիպել են օղի խմել: Մենք գիտենք մարդասպանների մոտավոր շրջանակը, բայց գործի շահերից ելնելով դեռեւս չենք բացահայտի: Բայց առաջիկայում կլինեն սենսացիոն շատ բացահայտումներ, որոնք սահմռկեցուցիչ են: Նկատեմ նաեւ, որ վերջում է եղել կրակոցն ու սպանությունը, բայց այս երկու բռնարարքների մասով  գործում ոչ մի տող չկա, քննիչը չի տեսնում, կույր է»,-ավելացրեց Ռուբեն Մարտիրոսյանը:

Արտակ Նազարյանի իրավահաջորդ, նրա քույր Ծովինար Նազարյանն էլ նկատեց, որ օրինակ, կարեւորագույն վկա Արման Մնացականյանը միաժամանակ երկու տեղում, նույն ժամին  երկու տարբեր մեղադրյալների հետ առերեսման է եղել, ինչը հերթական անգամ խոսում է գործի փնթիության մասին: