Հարավային Կորեայի դատարանը կրկին ձերբակալության հրամանագիր է տվել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հակակոռուպցիոն քննչական վարչությունը։
«Հունվարի 7-ին տրվել է ձերբակալության հրամանագիր, ինչի համար վարչությունը երկրորդ դիմումն է ներկայացրել կասկածյալ Յունի նկատմամբ»,- հայտնել են վարչությունից։ Մեկ օր առաջ վարչության աշխատակիցները դիմում էին ներկայացրել Սեուլի Արևմտյան շրջանային դատարան՝ «կալանքի որոշման վավերականության ժամկետը երկարաձգելու հրամանագրի համար»:
Ձերբակալության վերաբերյալ նախորդ որոշումը տրվել էր դեկտեմբերի 31-ին և ուժի մեջ էր մինչև հունվարի 6-ը ներառյալ։ Հունվարի 3-ին համատեղ քննչական խմբի ներկայացուցիչները փորձել են ձերբակալել Յուն Սոկ Յոլին, սակայն Յուն Սոկ Յոլի նստավայրի տարածքը լքել են նրա թիկնազորի՝ ավելի քան 5 ժամ տևած դիմադրությունից հետո։ Թիկնազորի ղեկավարը հրամանագրի ներկայացումից հետո արգելել է համալիրի խուզարկությունը։ Հակակոռուպցիոն քննչական վարչությունը հայտարարել է, որ ձերբակալությունը գործնականում անհնար է իրականացնել անվտանգության աշխատակիցների պահվածքի պատճառով։ Հարավկորեական ընդդիմության տվյալներով՝ աշխատակիցները զինված են եղել հրազենով։ Իրավապահ մարմինները կրկին դիմել են Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ Մոկին՝ խնդրելով անվտանգության ծառայությանը չմիջամտել ձերբակալությանը։
Հունվարի 7-ին խորհրդարանական լսումների ժամանակ Հակակոռուպցիոն վարչության ղեկավար Օ․ Դոնգ Ունը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից ձերբակալության անհաջող փորձի համար։ Պատասխանելով քննադատությանը և մեղադրանքներին՝ հունվարի 3-ին ձերբակալման գործողությանը ոչ պատշաճ պատրաստվելու վերաբերյալ՝ վարչության ղեկավարն ասել է, որ «մի շարք անկանխատեսելի հանգամանքներ են ծագել», ինչի համար նա պատասխանատվություն է ստանձնում։ Նա խոստացել է «մանրակրկիտ պատրաստվել» ձերբակալության երկրորդ փորձին, քանի որ դա կարող է լինել «վերջին հնարավորությունը»։





























