Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին եւ հայկական կազմակերպություններին շնորհված գերատեսչական պարգեւների հանձնման նպատակով, դեկտեմբերի 14-ին, Փարիզի կենտրոնում գտնվող Պավիլիոն Դոֆին հանդիսությունների սրահում տեղի է ունեցել բազմամարդ հավաք: Այն անցկացվել է «Հազարամյա Հայաստանը 20 տարեկան է» խորհրդանշական խորագրի ներքո:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկա են եղել ֆրանսահայ նշանավոր անհատականություններ, ֆրանսահայ եղեկեցական եւ համայնքային կառույցների ղեկավար ու շարքային անդամներ, մտավորականներ, մշակույթի, արվեստի եւ կրթության ոլորտների գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, ուսանողներ, լրագրողներ, ֆրանսահայության ավելի քան 500 ներկայացուցիչներ:
Պաշտոնական ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել հասարակական-քաղաքական, գիտա-մշակութային ամենատարբեր ոլորտներում աչքի ընկած, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործին իրենց նպաստը բերած ֆրանսահայ անհատներին եւ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության Մշակույթի, Սփյուռքի եւ Կրթության ու գիտության նախարարությունների կողմից շնորհված ՀՀ գերատեսչական պարգեւների ու շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:
Գերատեսչական բարձրագույն մեդալներով պարգեւատրվածների թվում էին Ֆրանսիայում հանրաճանաչ անհատականություններ` Ժանսեմը, Ալեն Թերզյանը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆիորին, Անդրե Մանուկյանը, Սերժ Ավետիքյանը, Ժաքի Ներսեսյանը, Ռոբեր Գեդիկյանը, Սիմոն Աբգարյանը, Ժեռալդ Փափազյանը, եկեղեցական գործիչներից` վերապատվելի Սամուել Սահակյանը, Միսաք Մանուշյանի խմբի վերջին ներկայացուցիչ Արսեն Չաքարյանը, Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը, նախկին ռազմիկներ Աշոտ Շմավոնյանը եւ Ժան Չագուչյանը, կրթության գործի կազմակերպիչներ Գեղամ Ղեւոնյանն ու Անահիտ Դոնաբեդյանը, նշանավոր հայագետներ, հայապահպանման խնդիրներով զբաղվող հասարակական գործիչներ, տնտեսագետներ, ճարտարապետներ, բարերարներ, հեղինակավոր կազմակերպություններից` Սոցիալական օգնության հայկական ասոցիացիան, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ու շրջաններում գործող երկու տասնյակ մշակութային միություններ, հայկական դպրոցներ ու վարժարաններ, երգի եւ պարի համույթներ:
Ամփոփիչ խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ով շնորհակալություն է հայտնել հայ համայնքի անհատ ներկայացուցիչներին եւ կառույցներին` Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանական տարվա շրջանակներում 60-ից ավելի միջոցառումների անցկացման կապակցությամբ:




























